Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի՝ դաշնամուրի և նվագախմբի համար գրված և Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի մրցանակակիր «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունն առաջին անգամ հնչեց կոմպոզիտորի հայրենիքում: Ստեղծագործությունը մայիսի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և երիտասարդ ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեն: Հայ ունկնդիրը մեծ ոգևորությամ բ ընդունեց Պետրոսյանի գործը: Ժընիեն երեկոյի ընթացքում ներկայացրեց նաև Մոցարտի դաշնամուրի թիվ 20 կոնցերտը: Բացի այդ, հայ ունկնդրին հնարավորություն ընձեռվեց վայելել նաև Բեթհովենի թիվ 1 սիմֆոնիան: Համերգն անցկացվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:

 

«Այս գործը նվիրված է իմ հոր՝ Անդրանիկ Պետրոսյանի հիշատակին, որը գիտնական էր և երկու տարի առաջ մահացավ: Շատ հուզված եմ, որովհետև հայաստանյան նվագախումբն առաջին անգամ է իմ ստեղծագործությունը նվագում: Նրանց համար դա ինչ-որ առումով մարտահրավեր էր: Գործն ստեղծելու ոգեշնչումը եկել է Հին Բաբելոնից: Դժավարություններ կային նվագախմբի մոտ, բայց նրանք հաղթահարեցին դա»,- լրագրողների հետ զրույցում նշեց աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկի՝ Եղիսաբեթ թագուհու անվան միջազգայ ին մրցույթի 2012թ. առաջին մրցանակակիր, ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը:

 

Ռենի Ժընիեն Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան դաշնակահարների միջազգային հեղինակավոր մրցույթում 2013 թվականին արժանացել է 2-րդ մրցանակի: Ուրախ էր Հայաստանում հանդես գալու կապակցությամբ: «Ընդամենը մի շաբաթում էի սովորել Միշել Պետրոսյանի այս ստեղծագործությունը՝ Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի համար: Հաճույք եմ ստանում ստեղծագործությունը սովորելով: Նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ համագործակցությունից մեծ հաճույք եմ ստացել, շատ կազմակերպված են»,- նշեց Ժընիեն:

 

Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը թավջութակ, կիթառ, այնուհետև կոմպոզիցիա է ուսանել Փարիզում՝ Երաժշտության և պարարվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում: 2012 թ. հաղթել է Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթում: Պետրոսյանի «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը տոգորված է կոմպոզիտորի՝ բանասիրության հանդեպ տածած սիրով:

 

Ռեմի Ժընիեն 20 տարեկանում արժանացել է Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի երկրորդ մրցանակին: Բոննի Բեթհովենի անվան միջազգային մրցույթի մինչև օրս ամենաերիտասարդ մրցանակակիրն է: Բազմաթիվ այլ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել հայտնի նվագախմբերի հետ: Կամերային երաժշտություն է ուսանել Պիեռ Լորան Էմարի և դիրիժորություն՝ Ջորջ Փեհլիվանյանի մոտ: