Օրերս ավարտվել են «Պապարացի» կոչվող նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Հայտնի դերասանների մասնակցությամբ ֆիլմը շուտով կլինի մեծ էկրաններին: Ռեժիսոր, սցենարի հեղինակ Նադի Իսպիրյանն առաջինը ESem.am-ին պատմեց ֆիլմի ստեղծման, նկարահանման մանրամասները:
Ռեժիսորի փոխանցմամբ` սցենարը գրել է անցած տարի, սակայն Ամանորը Մոսկվայում անցկացնելու պատճառով միայն այս տարի է կարողացել ֆիլմ նկարահանել դրա հիման վրա: «Մայիսի 9-ին` Հաղթանակի օրը սկսեցինք մեր առաջին նկարահանումը, որը տևեց 15 օր: Այժմ մոնտաժում ենք ֆիլմը: Այն հանդիսատեսին կներկայացնենք, հավանաբար, սեպտեմբերի 1-ին»,-ասաց Նադին, ով ստանձնել է նաև ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը:
Ըստ Նադիի` այն առաջին երիտասարդական դրաման կլինի Հայաստանում: նրա խոսքով` ֆիլմի գլխավոր հերոսուհին լուսանկարիչ է. վերջինիս ընկերը տարածում է նրա էրոտիկ լուսանկարները, որոնք կան լուսանկարչական ապարատում: «Գլխավոր հերոսուհին խայտառակ է լինում. բոլորը սկսում են ծաղրել նրան: Արդյուքնում նա որոշում է նետվել կամրջից, սակայն, այդ պահին նրան են մոտենում չինացիներ ու խնդրում լուսանկարել իրենց: Իր ձեռքը վերցնելով լուսանկարչական ապարատը` հերոսուհին որոշում է ապարատն օգտագործելով վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր իրեն ցավ են պատճառել»,- պատմեց ռեժիսորը` հավելելով, որ գլխավոր հերոսուհին սկսում է նկարահանել ու բացահայտել իրեն ծաղրած մարդկանց անձնական կյանքը. նա մեծ ցուցահանդես է կազմակերպում ու ներկայացնում իր բացահայտումները:
Նադիի խոսքով` ֆիլմը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր չտեսնելով իրենց աչքի գերանը, դիմացինի աչքի փուշն են տեսնում: «Ժամանակին նմանատիպ դեպք էր եղել ծանոթներիցս մեկի հետ, որից հետո էլ միտք առաջացավ ստեղծել ֆիլմ ու ներկայացնել, թե նման իրավիճակում հայտնված մարդն ինչ կարող է անել»,-պատմեց Նադին, ով ժամանակին որպես դերասանուհի նկարահանվել է «Բանակում», «Գեներալի աղջիկը», «Անուրջներ» սերիալներում, իսկ որպես ռեժիսոր նկարահանել է Ջուսի ու Գուժի տեսահոլովակները:
«Պապարացի»-ի օպերատորը Վահե Սաֆարյանն է, իսկ գլխավոր հերոսները հեռուստադիտողներին հայտնի դերասաններ են: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Աննա Մանուչարյանը, Աշոտ Հակոբյանը, ինչպես նաև սերիալներից հայտնի Հայկ Հովհաննիսյանը, Էդգար Սարգսյանը, Մանան Գևորգյանը, Արմեն Դալլաքյանը, Քրիստինե Կարապետյանը և այլք:
ESem.am-ը հետաքրքրվեց, թե ինչու է գլխավոր հերոսուհու դերը ստանձնել հենց ռեժիսորը, արդյոք դա լրացուցիչ դժվարություններ չի առաջացրել: «Իմ կարծիքով, ինձնից լավ ոչ ոք չէր կարող պատկերացնել այն, ինչը ես եմ գրել: Կային նաև տեսարաններ, որոնցում նկարահանվել միայն իմ ֆիլմի դեպքում կհամաձայնեի»,-ասաց Նադին և հավաստիացրեց, որ նկարահանումների ընթացքում փորձել է մոռանալ «դժվար» բառի մասին, այլապես չէր կարողանա ո՛չ նկարահանվել, ո՛չ հետևել մյուս դերասանների խաղին: