«Երևանյան ամառ» ծրագրի հետ կապված՝ աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նախատեսված միջոցառումների ամփոփ ծրագիրը:  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ կազմվել և տպագրվել է միջոցառումների ծրագրի տեղեկատվական թերթիկը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծրագրի ընթացքում նոր առաջարկներ լինելու դեպքում դրանք ևս քննարկել և ներառել միջոցառումների ցանկում:

 

Զեկուցվել է նաև, որ երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, նախատեսվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, Ազատության հրապարակը ժամը 11:00-ից 13:00-ը մանուկների համար կդառնա կավճանկարչության հարթակ, իսկ ժամը 17:00-ից մինչ 20:00-ը այդտեղ կանցկացվի տոնական համերգ:

 

Միջոցառումներ են նախատեսված նաև կենդանաբանական այգում, ուր երեխաների մուտքը ողջ օրվա ընթացքում կլինի անվճար: Ժամը 10:00-ից 13:00-ն երեխաների համար անվճար կգործեն Մանկական երկաթուղու ատրակցիոները: Թվով 25 ատրակցիոններ էլ նույն ժամերին երեխաներին անվճար կսպասարկեն Հաղթանակ» զբոսայգում: Կիրովի անվան մանկական զբոսայգում էլ ժամը 12-14-ը կանցկացվեն մարզական հետաքրքիր միջոցառումներ: