«Նոր ալիք-2014» երիտասարդ կատարողների միջազգային ամենամյա մրցույթում, որը կանցկացվի հուլիսի 22-27-ը Յուրմալայում, մեր երկիրը կներկայացնի «Հայ սուպերսթար-5» և «Պրեմիերա-1» հեռուստանախագծերի հաղթող Սոնա Ռուբենյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շանթ» հեռուստաընկերության երաժշտական նախագծերի պրոդյուսեր Աննա Թադևոսյանը նշեց, որ մրցույթի կանոնադրությանը համաձայն' մասնակիցը պետք է ներկայանա երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ:
«Այժմ Սոնան և մրցույթի շրջանակներում նրա երաժշտական պրոդյուսեր երգիչ Անդրեն ձայնագրում են երգերի տարբերակներ, որոնցից «Նոր ալիքի» պրոդյուսերական կազմը կընտրի վերջնական երեք երգերը: Երգերի վերջնական հաստատումից հետո արդեն կսկսվեն ոճաբանի, վոկալիստի հետ աշխատանքները, կհրավիրվի մամուլի ասուլիս»,- պատմեց Թադևոսյանը:
Այս տարի մրցույթի հեռարձակման բացառիկ իրավունքը Հայաստանում պատկանում է «Շանթ» հեռուստաընկերությանը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի նախատեսվում է ցուցադրել օրագրեր, որոնք հայ հեռուստադիտողին հնարավորություն կընձեռեն ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին:
Ապրիլին Ռիգայում, Կիևում և Թբիլիսում անցկացվել են նախընտրական փուլեր, ինչպես նաև ապրիլի 18-ին և 19-ին Մոսկվայում տեղի է ունեցել մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ հայտնի են դարձել այն 13 մասնակիցների անունները, ովքեր ելույթ կունենան Յուրմալայում: Ռուսաստանը ներկայացնելու են «Օ Հենրի» խումբը, երգչուհի Յուլիա Պլակսինան և Նոդար Ռևիյան, Լատվիան` Ստաս Շուրինսը, Լիտվան՝ Մոնիկա Լինկայտեն, Ուկրաինան' Վյաչեսլավ Ռիբիկովը և Վիկտորիա Պետրիկը, Ղազախստանը՝ Ալիշեր Կարիմովը, Վրաստանը՝ Նուցա Բուզալաձեն։ Երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2013»-ի երեք մրցութային փուլերի արդյունքում առաջատարը Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորեսն էր (Roberto Kel Torres), ով ժյուրիի քվեարկության ձայների արդյունքում հավաքել էր 357 միավոր: Մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Մերի Մնջոյանը, ով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
2013 թվականին լրացել է մրցույթի 12-ամյակը: Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը ԱՊՀ երկրների տարածքում անցկացնելու գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Ռայմոնդ Պաուլսը եւ Իգոր Կրուտոյն են: