Երիտասարդի անմեղ, միաժամանակ խորամանկ հայացք, որը կարծես փորձում է ասել. «..Դեռ այնքան անակնկալներ եմ պատրաստելու..: Սպասե´ք «հասունանամ», հետո կխոսենք»: Կռահեցիք, խոսքը հաղորդավար Արտակ Վարդանյանի մասին է:
- Արտակ, հեռուստատեսություն, ռադիո.. ո՞րն է քո տարերքը:
- Հեռուստատեսությունը, որովհետև պատկերների միջոցով կարող ես քո բոլոր էմոցիաներն ու պատկերացումները հաղորդել լսարանին, ինչը չես կարող անել ռադիոյով: Այդուհանդերձ, առանց ռադիոյի էլ ինձ չեմ պատկերացնում:
- Համաձայն եմ, բայց եթե հանրային ռադիոյի քմահաճ ռադիոլսողները մինչ այսօր չեն դժգոհել, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Ավելի ուշադիր լսարան, քան հանրային ռադիոյի լսարանը, ինձ թվում է՝ ոչ մի ուրիշ լրատվամիջոց չունի:
- Եթե ռադիոն համեմատենք հեռուստատեսության հետ, ո՞ր է ավելի բարդ:
- Հեռուստատեսությունը, քանի որ համացանցը մղվել է առաջին պլան և մարդիկ շատ հաճախ նկարահանում են սիրողական մակարդակով տեսանյութեր՝ ռեյտինգ հավաքելու համար, իսկ դասական ռեպորտաժով լսարան չես կարող ապահովել: Դրա համար էլ հեռուստատեսության խնդիրն ավելի բարդ է:
- Ինչպե՞ս սկսվեց հաղորդավարի կարիերան, չհաշված այն, որ դեռևս 14 տարեկանից համառորեն փորձել ես ներխուժել հեռուստատեսություն:
Իմ առաջին քայլը Հանրային ռադիոյում է եղել՝ մանկապատանեկան ծրագիր վարելիս: Ինձ հեշտ ընդունեցին, քանի որ պայծառ և լավ ձայնով երեխա էի: Իսկ հեռուստատեսությունում լուրջ քայլը «Մենք ենք» ծրագիրն էր, որը հեռարձակվում էր ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում և Վրաստանում: Այն մեծագույն ձեռքբերումներից էր, քանի որ մեզ ուղարկեցին լավագույն մասնագետների մոտ սովորելու: Հաղորդումը տևեց վեց, բայց մեր շրջանը՝ երեք տարի: Դրանից անմիջապես հետո Արտակ Ալեքսանյանից ուրախ հեռախոսազանգ ստացա, որն ինձ հրավիրեց Հ1՝ «Հատուկ ռեպորտաժ» և «Ականատես» ծրագրերում աշխատելու: Այն 18-19 տարեկան երիտասարդի համար ֆանտաստիկ մի բան էր: Բացի այդ, հիանալի թիմ էր հավաքված, քեզ ընդամենը մնում էր լավ աշխատել:
- Քեզ համարո՞ւմ ես հաջողակ:
- Այո, որովհետև քչերին է հաջողվում այդ տարիքում Կովկասում միանգամից ճանաչվել: Կարող ես լինել շատ տաղանդավոր և խելացի, բայց եթե չլինես ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում՝ ոչինչ չի ստացվի:
- Այդ դեպքում ինչպե՞ս լինել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:
- Պետք է լինել լավատես, վստահ ու բաց: Միայն այդ ժամանակ աստղդ կփայլի երկնքում: Եթե այսօր վատ է, չի նշանակում, որ վաղն էլ է վատ լինելու:
- Այժմ հաղորդում եք “Երևանն է խոսում” հաղորդաշարը, բայց շատերի համար անհայտ մնաց Հ1-ից հեռանալուդ պատճառը: Ինչո՞ւ դադարեցիր վարել «Ազատ Գոտի» հաղորդումը:
- Իսկապես չգիտեմ՝ ինչ եղավ: Ինձ ասացին, որ այն վարելու է Էրիկ Անթառանյանը և վերջ:
- Բայց լուրեր էին պտտվում, որ շատ հյուրեր մի տեսակ չեն համակերպվում Արտակ Վարդանյանի տարիքի հետ: Դա էլ է՞ր բամբասանքների շարքից:
- Ես երբեք հյուրերի հետ խնդիր չեմ ունեցել: Գովեստներ շատ են եղել, եղել է նաև տարիքիս հետ կապված մի քանի քննադատություն, բայց ոչ ավելին: Այդուհանդերձ, դա միակ թերությունն է, որը վաղ թե ուշ շտկվելու է: Ամեն դեպքում, «Ազատ Գոտին» մեծագույն պատասխանատվությամբ և հաճույքով եմ վարել և դրանում իմ մեծագույն ավանդն ունեմ: Իսկ Էրիկին բազում հաջողություններ եմ ցանկանում:
- Իտալիայում վերապատրաստվում էիր: Ինչպե՞ս ստացվեց:
- Դա ևս ինձ համար շատ կարևոր փուլ էր: «Ազատ գոտի» հաղորդումից հետո մտածում էի՝ ինչ անեմ ՀՀ-ում. թոք-շոու վարել էի, արդեն ճանաչված էի, երիտասարդ էի, բայց շատ փուլեր էի անցել, ինձ ընդամենը մնում էր մի քանի քայլով ավելի առաջ գնալ: Դրա համար որոշեցի վերապատրաստվել և հասկանալ՝ ինչ է ուզում միջազգային շուկան:
Գնացի Իտալիայի ազգային հեռուստադպրոց՝ լրագրողական դասընթացներ անցնելու, որտեղ առաջատար հեռուստատեսություններից աշխարհի լավագույն վարպետներն էին դասավանդում, և այն ինձ շատ գիտելիքներ տվեց: Հիմա վստահ եմ՝ եթե շուտով հայտնվեմ եթերում, հեռուստադիտողը այլ Արտակ է տեսնելու:
Իտալիայում սովորելն ինձ մեծ օգուտ տվեց, որ այսօր թղթակցում եմ եվրոպական մի շատ հայտնի հաղորդման՝ Մեգապոլիսին, որը հեռարձակվում է եվրոպական 25 երկրներում: Այն, կարծում եմ, փոքրիկ պատուհան է դեպի միջազգային ասպարեզ:
- Ո՞րն է հաղորդման երկարակեցության գաղտնիքը:
- Բովանդակությունը:
- Նույնիսկ եթե դեղին մամուլի մասի՞ն է խոսքը:
- Իսկ ո՞վ է ասել, որ դեղին մամուլը չպետք է բովանդակություն ունենա: Եթե դեղին մամուլը սադրանքների քիչ գնա և եղած սադրանքները ճիշտ մատուցի, ինչպես, օրինակ՝ անգլիական The Sun-ը, երկար կյանք կունենա:
- Հիասթափություն ստեղծագործական ճանապարհի՞ն..
- Շա՜տ: Օրինակ՝ շաբաթը մեկ անգամ: Բայց իմ առավելությունն այն է, որ կարողանում եմ այդ ներքին բռնկումներից ժամանակին ազատվել:
- ..Որպեսզի կոնֆլիկտների չբախվե՞ս:
- Ճիշտ այդպես:
- Ո՞րն է բարձունքի հասնելու չափանիշը:
- Լավ աշխատավարձ, հարմար և սիրելի աշխատանք, քանի որ շատ քչերն են մասնագիտությամբ աշխատում, և համապատասխան վարձատրություն:
- Կան մարդիկ, որոնց համոզմամբ՝ չկա հաջողության հասնելու բանաձև: Այնուամենայնիվ, ո՞րն է դրա լավագույն տարբերակը:
- Նա, ով շատ է խոսում հաջողության մասին, հաջողությունն անմիջապես փախչում է կողքից: Պետք է ուղղակի ապրել բաց և ուրախ:
- Հաշվե՞լ ես՝ որքան պատրաստած ռեպորտաժ և հոդված ունես մինչ այժմ:
- Հոդվածներս շատ չեն, բայց ռեպորտաժներիս թվաքանակն արդեն չեմ հիշում, քանի որ դրանք բազմաթիվ են:
Մանրամասները` այստեղ: