Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան կապակցությամբ տարբեր գործիչներ հղում են իրենց շնորհավորական ուղերձներն` աշխարհի ականավոր հային իրենց ակնածանքը և բարեմաղթանքներն արտահայտելու նպատակով: «Արմենպրես»- ի փոխանցմամբ` Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ևս խորին հարգանքով շնորհավորել է կենդան ի լեգենդի ծննդյան 90-ամյակը:

 

«Սիրելի Վարպետ, Հայաստանի կոմպոզիտորներն ու երաժշտագետները սրտանց շնորհավորում են Ձեզ 90-ամյա հոբելյանի կապակցությամբ: Անգնահատելի է Ձեր արվեստը և այն հայրենանվեր գործունեությունը, որը Դուք ծավալել եք Ձեր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Մաղթում ենք Ձեզ երկար և բեղուն տարիներ»:

 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

 

Ֆրանսահայ լեգենդար երգիչն այսօր` մայիսի 22-ին, դարձավ 90 տարեկան: Լեգենդն իր ծննդյան 90-րդ հոբելյանը միայնակ չի նշի. Ազնավուրի 90-ամյակի տոնակատարություններին մայիսի 22-ի երեկոյան ներկա կլինի նաև գերմանացի հանդիսատեսը: Լեգենդար երգիչը Գերմանիայում երկու համերգ կունենա' Բեռլինում կնշի իր ծննդյան տարեդարձը, այնուհետև մայիսի 24-ին կլինի Ֆրանկֆուրտում: