Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը եզակի համերգով հանդես կգա Մոսկվայում: Ինչպես տեղեկացնում է Ազնավուրի պաշտոնական կայքը` երգիչը հոկտեմբերի 3-ին համերգ կունենա մոսկովյան Crocus City Hall-ում: Համերգի տոմսերը շուտով կհայտնվեն վաճառքում:

 

Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում:

 

Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:

 

Լեգենդար երգիչն այս տարի համերգներով հանդես կգա աշխարհի մի շարք երկրներում, բոլորովին վերջորս ելույթ է ունեցել նաև Հայաստանում: