«Ռեժիսորների երկու շաբաթ» մրցույթի «Ոսկե կառք» պարգեւը, մրցույթ, որը տեղի է ունենում Կաննի 67-րդ փառատոնին զուգահեռ, հետմահու շնորհվել է ֆրանսիացի հայտնի վարպետ Ալեն Ռենեին: Այս մասին հայտարարվել է Փառատոնների պալատում:
Ռեժիսորը վախճանվել է այս տարվա մարտին 91 տարեկան հասակում: Պարգևն ընդունել են Ռենեի մերձավոր գործընկերները: «Մեզ համար «Ոսկե կառքն» ավելի մեծ նշանակություն ունի, քան «Ոսկե արմավենու ճյուղը»,- հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Ժան Լուի Լիվին:- Այն հիմնել են ռեժիսորները, և նրանք իրենք են որոշում, թե մասնագիտության մեջ ով է լավագույնը»:
Ֆրանսիացի ռեժիսորների միության ստեղծած «Ոսկե կառքը» շնորհվում է ստեղծագործական նվաճումների համար:
Կինոռեժիսորի վաղ աշխատանքները վերաբերում են ֆրանսիական հռչակավոր «նոր ալիքին»: Սակայն, նրան միջազգային ճանաչում բերեցին երեք ֆիլմեր, որնք ստեղծվել են ավելի ռեալիստական և ռոմանտիկական կտրվածքով: Խոսքը «Հիրոսիմա, սեր իմ», «Գիշեր և մշուշ» և «Անցյալ տարի Մարիենբադում» կինոնկարների մասին է:
Ռենեն ընդամենն ստեղծել է ավելի քան 20 լիամետրաժ գեղարվեստական և մի քանի վավերագրական ֆիլմ:
Իր ստեղծագործության համար կինոռեժիսորը պարգևատրվել է մի քանի կինոմրցանակներով, մասնավորապես, ազգային «Սեզար» գլխավոր մրցանակով «Նախախնամություն» և «Հին երգը» ֆիլմերի, Կաննի կինոփառատոնի Մեծ մրցանակն «Իմ ամերիկացի քեռին» ֆիլմի, Բեռլինի կինոփառատոնի մրցանակը «Ծխել/չծխել» ֆիլմի և համաշխարհային կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար: