Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Հայաստանում կնշվի տոնական համերգով: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այդ հատկանշական օրը` մայիսի 22-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում յուրահատուկ երեկո կանցկացնի` նվիրված էստրադայի լեգենդի 90-ամյա հոբելյանին: Ինչպես տեղեկացրին ՀՊՖՆ մամլո ծառայությունից, համերգին կմասնակցեն ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանը և միջազգային մրցույթների դափնեկիր երգչուհի Էվա Ոսկանյանը: Կհնչեն ֆրանսիացի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև Էվա Ոսկանյանի հեղինակային երգերը:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում, ինչպես նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում:
Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:
Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին եզակի համերգով հանդես եկավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` աննկարագրելի րոպեներ պարգևելով ներկաներին: Այնուհետև հաջորդ օրը լեգենդար երգիչը մասնակցեց «Հայակ» մրցանակաբաշխությանը և արժանացավ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակին` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրման համար: