Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը տոն էր բոլոր կինոսերների համար: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում մայիսի 13 –ին: Երրորդ տարին անցկացվող կինոտոնն ամփոփեց արդյունքները: Այս տարի մրցանակներ հանձնվեցին 15 անվանակարգերում, եղան նաև լրացուցիչ պարգևներ: «Փոքրիկ Կաննի փառատոն» հիշեցնող մրցանակաբաշխության բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հայտնի հյուրեր, ովքեր անցան կարմիր գորգի վրայով: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը «Հայակ» ազգային մրցանակաբաշխության պատվավոր հյուրն էր. նա մրցանակաբաշխության ընթացքում ստացավ նաև Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ: Տոնական երեկոն վարում էին «ԱրմՔոմեդի»-ի տղաները` Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը, ովքեր իրենց ելույթները համեմում էին կատակներով: Երեկոյի ընթացքում հնչեցին նաև բազմաթիվ երաժշտական համարներ: Նույնիսկ երեկոյի ժամանակ մի քան ի րոպեով հանկարծ անջատված լույսերը չփչացրին տոնական մթնոլորտը: «Հայակը» մեծ տոն է դարձել մեզ համար: Ինձ համար շատ կարևոր է, որ «Հայակն» արդեն սպասված է դարձել: Մեր մրցանակակիրները սրտի թրթիռով սպասում են այս մրցանակաբաշխությանը: Մեծ նվաճում է, երբ չեն ստանում մրցանակը և տխրում են: Տոն է նաև այն մարդկանց համար, ովքեր չեն ստանում մրցանակ: Նրանք կձգտեն հաջորդ տարի «Հայակ» ստանալ»,- ողջունելով մասնակիցներին` նշեց «Հայակ»-ի նախագահ Գևորգ Գևորգյանը:

 

Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմն այս տարվա «Հայակի» ֆավորիտն էր: Կինոնկարը ստացավ 4 մրցանակ` հաղթելով «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն նկարիչ» անվանակարգերում: Լավագույն դերասանուհի ճանաչվեց Լուսի Աբդալյանը` «Կաուչո» ֆիլմի դերակատարման համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի և դերասան մրցանակներ ստացան «Անպոչ ճգնավորը» ֆիլմի դերասանները` Նարինե Գրիգորյանը և Աշոտ Ադամյանը: «Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում հաղթող ճանաչ վեցին Շողիկ Թադևոսյանը և Արեգ Ազատյանը` «Ռոմանտիկները» ֆիլմի համար: Տարվա լավագույն օպերատորը Թամմամ Համզան է` «Փուշը» ֆիլմով: Լավագույն կարճամետրաժ ֆիլմ դարձավ Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», վավերագրական ֆիլմ` Աշոտ Սարգսյանի «Նամակ մորը» կինոնկարը:

 

Լավագույն անիմացիոն կինոնկար ճանաչվեց Վրեժ Քասունու «Արշալույս» ֆիլմը: Քասունին հաղթական արձանիկն ստանալուց հետո Շառլ Ազնավուրին նվիրեց նրա պատկերով դիմանկար: Լավագույն դեբյուտով հանդես եկավ Ալեքսանդր Բաղդասարյանը («Ճանապարհ» ), իսկ լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչվեց Րաֆֆի Աղեկյանի «Կինշասա.խենթ հող» ֆիլմը:

 

«Հայակ»-ն այս տարի նվիրված էր Սերգեյ Փարաջանովի հոբելյանին: Այդ առթիվ հատուկ մրցանակ հանձնվեց «Նռան գույնը» ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին: Անդրանիկյանը մեծ ուրախությամբ ընդունեց նվերն` անակնկալի գալով իրադարձությունից: Բացի այդ, Փարաջանովի անվան մրցանակի արժանացավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Ցուցադրվեցին Փարաջանովի մասնակցությամբ եզակի կադրեր, որոնց հեղինակը Օշին Եղիազարյանցն է: Նա Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենին հանձնեց կադրերի ամբողջ տեսագրությունը` նշելով, որ Փարաջանովն էր իրեն հորդորել այդ կադրերը տալ իր անունը կրող թանգարանին, եթե այն ստեղծվեր: Առաջին անգամ ցուցադրվեցին նաև հայկական ամենահին կինոկադրերը, որոնք թվագրվում են 1911թվականով: Բացի այդ, Հայաստանի կինոակադեմիան պատվո մրցանակ շնորհեց Ռոման Բալայանին:

 

«Հայակ»-ի այս տարվա ժյուրիի նախագահն էր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը, ով ընտրել է ժյուրիի անդամներին, այդ թվում` նաև արտերկրից: «Հայակ» մրցանակաբաշխությանը մասնակցել և տարբեր անվանակարգերում մրցել են վավերագրական, փաստավավերագրական, գեղարվեստական, այլ ուղղվածության լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր: Ազգային մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն «Աֆինա պալլադա» ընկերությունն էր: «Հայակ»-ին այս տարի ներկայացվել է 80 ֆիլմ: