Մոսկվայի պետական «Ռուսկիե սեզոնի» պարային համույթը հոկտեմբերի վերջին նույն բեմում հանդես կգա գյումրեցիների հետ: ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի պետական «Ռուսկիե սեզոնի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմեյստեր Նիկոլայ Անդրոսովը Գյումրիում է: Նա մեկշաբաթյա այցի ընթացքում, Գյումրիի «Էսկադա» պարի թատրոն»-ի սաների հետ կբեմականացնի պարային համարներ, կանցկացնի վարպետության դասեր: Սա աշխարհահռչակ բալետմեյստերի միակ անակնկալը չէ գյումրեցիներին՝ հոկտեմբերին սպասվում է «Ռուսկիե սեզոնի» պարային համույթի այցը Գյումրի, որտեղ այն համատեղ համերգ կունենա «Էսկադա» խմբի հետ: Համերգի գլխավոր պրոդյուսերն է Հրաչ Քեշիշյանը, գործադիր պրոդյուսերը` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, համերգի բեմադրող-ռեժիսորը՝ Լյուդվիգ Հարությունյանը:

 

«Սա, իրոք, եզակի դեպքերից է, երբ նմանատիպ մեծության պարուսուցը համաձայնություն է տալիս գալ Գյումրի: Ընդհանարապես, նույնիսկ Երևանից են հրաժարվում գալ և կարճ ժամանակահատված աշխատել այստեղ, իսկ Նիկոլայ Անդրոսովը, լինելով չափազանց բազմազբաղ, ի ուրախություն մեզ, համաձայնեց»,- նշեց Տիգրան Վիրաբյանը:

 

«Հոկտեմբերի վերջին «Էսկադա» պարի-թատրոն»-ը կնշի գործունեության 20- ամյակը: Մեր խմբի հետ գյումրեցի երեխաներն արդեն մեկ անգամ համատեղ ելույթ ունեցել են Մոսկվայում: Եվս մեկ ելույթ կլինի հոկտեմբերին: Երեխաները շատ լավն են: Տպավորոված եմ, բայց, ափսոս, պայմանները, որտեղ երեխաները պարապում են, շատ հեռու են բավարար լինելուց»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նիկոլայ Անդրոսովը:

 

Աշնանը կայանալիք համերգի ընթացքում բոլոր համարները կներկայացվեն «Աշխարհին խաղաղություն» վերտառությամբ: Ներկայացվող պարերը կունենան սյուժետային լուծումներ՝ վստահեցրեց համերգի բեմադրող-ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:

 

Մոսկվայի «Ռուսկիե սեզոնի» պետական պարային համույթը հիմնվել է 1991 թվականին, կազմված է միայն պրոֆեսիոնալ պարողներից: Համույթի պարացանկում ոչ միայն բալետային, դասական, ռուսական ազգային պարեր են, այլ նաև ժամանակակից համարներ: Համույթի երլույթներն առանձնանում են իրենց սյուժետային լուծումներով: Հիշեցնենք, որ 2010 թվականին «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչները հանդես եկան Նիկոլայ Անդրոսովի բեմադրած համարով:

 

Արմենուհի Մխոյան