Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ամբողջ 2014 թվականի ընթացքում կծավալի ստեղծագործական բուռն գործունեություն: Տարվա հենց սկզբից Ազնավուրն աշխարհի տարբեր ծայրերում ապրող իր երկրպագուներին տարատեսակ անակնկալներ էր մատուցում:
2014-ը լեգենդի համար հատկանշական է մի շարք պատճառներով: Առաջին հերթին' մայիսի 22-ին Ազնավուրը տոնում է իր ծննդյան 90-ամյա հոբելյանը: Ինքը Ազնավուրն իր հոբելյանի առթիվ յուրահատուկ անակնկալ է մատուցել երկրպագուներին: Շառլ Ազնավուրի տարբեր տարիների գործերն ամփոփող 32 ձայնասկավառակից կազմված ձայնադարանը երկրպագուների համար հասանելի է ապրիլի 28-ից: Ձայնադարանում ներառված են Ազնավուրի' 1948-2011 թվականերին ստեղծված անկրկնելի գործերը:
Բացի այդ, Ազնավուրը տարին սկսել է համերգների իսկական տարափով: Մարտի 15-ին լեգենդը ելույթ ունեցավ Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում, այնուհետև անակնկալ մատուցեց Լոձ քաղաքի իր երկրպագուներին:
Ազնավուրի հաջորդ համերգը մայիսի 12-ին է' իր հայրենիքում: Լեգենդար երգիչը, ով արդեն ժամանալ է Երևան, այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աննկարագրելի րոպեներ կպարգևի հայ հանդիսատեսին: Այնուհետև Շառլ Ազնավուրն իր ծննդյան տոնը կնշի գերմանացի հանդիսատեսի հետ' մայիսի 22-ին «O2 World» համերգասրահում: Երկու օր անց լեգենդը կրկին բեմում կլինի, և այս անգամ Ֆրանկֆուրտի «Festhalle»-ից կրկին կգերի ունկնդիրներին: Հաջորդ կանգառը Լոնդոնն է և թագավորական «Ալբերտ» սրահը: Այնուհետև հունիսի 26-ին Ազնավուրին կսպասեն Բարսելոնայում: Սեպտեմբերին լեգենդը կմեկնի ԱՄՆ, ապա նոյեմբերի 11-ին կրկին կվերադառնա Եվրոպա. նա հանդես կգա Բելգիայի «Lotto Arena» սրահում:
Ազնավուրի հոբելյանի առթիվ ամբողջ աշխարհում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին' հոբելյանի կապակցությամբ: Ի դեպ, նման միջոցառումների մեկնարկը տրվել էր դեռևս տարեսկզբին: Մի քանի օրից' մայիսի 15-ին Փարիզում, «Անակո» զբոսանավի վրա կանցկացվի «Ջոանա Մենդիլը երգում է Ազնավուր» խորագրով հարգանքի տուրք-երեկո: Կայանալիք համերգին երգչուհի Ջոանա Մենդիլը կներկայացնի լեգենդի ստեղծագործությունները:
Այսքանով Ազնավուրին նվիրված միջոցառումները չեն սահմանափակվում: Մինչև տարեվերջ կլինեն բազում անակնկալներ' թե Ազնավուրի և թե նրա երկրպագուների կողմից: