«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը Գիրքը հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

 

Երկար հիվանդությունից հետո ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակն այս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում՝ շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

 

Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել վերջերս: Գրողի մահվանից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:

 

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

 

Հինգերորդ հորիզոնականում ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլի՝ «Էդիթ պրինտ» հրատարակչության «Քարակերտ երազներ» վեպ-ռեքվիեմն է: Գիրքը պատմում է 1989թ. Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Հեղինակը ներկայացնում է ադրբեջանցի երկու ընկերների հոգեվիճակը հայերին դժբախտ ու անօգնական տեսնելու պահին: Այլիսլին ներկայացնում է, թե ինչպես են նրանք քննադատում ու քարկոծում ադրբեջանական իշխանությունը և միևնույն ժամանակ մեծ ցանկություն հայտնում՝ ոտքով գալ Էջմիածին և դառնալ քրիստոնյա: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում՝ փոխարենն Ադրբեջանում արժանանալով քարկոծման: «Քարակերտ երազներ»-ի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013թ. փետրվարին Այլիսլին, Ադրբեջանի նախագահի հրամանագրով, զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:

 

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության. Տաղեր» գիրքը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

 

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը վարկանիշային աղյուսակի հաջորդ գիրքն է: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:

 

Ութերորդ հորիզոնականում գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպն է: Այն տպագրության առաջին իսկ օրվանից ուշադրության արժանացավ ընթերցողների կողմից: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:

 

Իններորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել: 2013 թվականին «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Հովհաննես Երանյանի «Այլ ոտնահետքեր» պատմվածքների ժողովածուն, որն առաջին անգամ է ընդգրկվում բեսթսելերների ցանկում: Գրքի խմբագիրն Արքմենիկ Նիկողոսյանն է: «Այլ ոտնահետքեր» ժողովածուն Հովհաննես Երանյանի վեցերորդ գիրքն է: Այն ընդգրկում է գրողի՝ նախկինում լույս տեսած «Միակ ոտնահետք», «Զինադադար», «Մարդահամար» և «Ողորմություն Ֆրոսյային» գրքերի լավագույն պատմվածքներն ու վիպակները:

 

Բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի հայտնի «Տասնմեկ րոպե»-ն եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Այս շաբաթ այն յոթերորդ հորիզոնականում է: Գիրքը պատմում է Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին: Այն սկսվում է հեքիաթի պես և հեքիաթի պես էլ ավարտվում: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով՝ Մարիան ի վերջո հասկանում է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող է պարգևել միայն իսկական սերը:

 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: