Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում, կյանքի 78-րդ տարում, մայիսի 6-ին վախճանվել է նշանավոր օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Վահան Միրաքյանը ծնվել է 1936թ. ապրիլի 27-ին, Երևանում: Դպրոցական տարիներին ընտանիքով տեղափոխվել է Կիրովական (ներկայիս Վանաձոր), որտեղ սովորել է թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1953թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Թամարա Շահնազարյանի դասարան: 1956թ. հրավիրվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն, ուր դերերգել է Լենսկի` «Եվգենի Օնեգին», Հերցոգ` «Ռիգոլետտո», Ալֆրեդ` «Տրավիատա» օպերաներում: Երգել է նաև հայ կոմպոզիտորների օպերաներում. Սարո՝ Ա. Տիգրանյանի «Անուշ», «Սայաթ-Նովա»՝ Ալ. Հարությունյանի «Սայաթ- Նովա», իսկ դասական խաղացանկից` Էդգար` «Լուչիա դի Լամերմուր», Խոզե՝ «Կարմեն», Ռուդոլֆ` «Բոհեմ»: 1963թ. տենորների համամիութենական մրցույթում գրավել է առաջին տեղը և առաջին 5 երգիչների հետ մեկնել է Իտալիա՝ Միլան: 1963-67թթ. վերապատրաստվել է Միլանում՝ մաեստրո Ջ. Բարիի ղեկավարությանբ: Միլանի «Լա Սկալա» թատրոնում և Պարմայում հանդես է եկել համերգային մեծ ծրագրով: 1962թ. եղել է Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար: 1981-2005թթ. ապրել և ստեղծագործել է Ավստրիայում, դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում: 1983թ. Բելինիի «Նորմա» օպերայում աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հետ կատարել է Պոլիոնի դերերգը: 2002թ. համերգային ծրագրով Երևանում հանդես է եկել որդու՝ օպերայի մեներգիչ, տենոր Արմեն Միրաքյանի հետ: 2005 թվականից ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում: