Սիրված և ճանաչված դերասանուհի Լուիզա Ներսիսյանը շատերին է գերել իր խաղով, կերպարով, մարդկային տեսակով: Հետաքրքիր է նաև զրուցել և փորձել, փոքր-ինչ բացահայտել այս դերասանուհուն: Այս անգամ Կամերային թատրոնի հարկի ներքո նա հյուրընկալեց MediaMall.am-ին և պատասխանեց մեզ հուզող հարցերին:

 

 

- Ի՞նչն է պատճառը, որ «Կառավարական համերգ» ներկայացումը 33 տարի շարունակ չի իջնում Կամերային թատրոնի բեմից:


- Պատճառը շատ պարզ է. գալիս են նոր դերասաններ և նոր հանդիսատես, իրենց հետ բերում թարմություն: Ներկայացումը դրված է ամուր հիմքի վրա: Հենց այդ հիմքի վրա էլ կառուցվում է նորը: Հետաքրքիրն այն է, որ այս տարիների ընթացքում քանի՜-քանի կառավարություններ են փոխվել, բայց «Կառավարական համերգը» մնացել է նույնը:

 

 


- Ինչո՞վ էր առանձնանում այս թատերաշրջանի «Կառավարական համերգ» ներկայացումը:


- Յուրաքանչյուր ներկայացում առանձնանում է իր հանդիսատեսով: Հանդիսատեսն իր հետ բերում է իր էներգետիկան, որը փոխանցվում է դերասաններին: Ուստի, ամեն «դահլիճի» հետ յուրովի ես խաղում: Բայց կարևորն այն է, որ երկխոսության մեջ լինես հանդիսատեսի հետ:


- «Կառավարական համերգ» ներկայացումը Դուք էիք «ղեկավարում»: Իսկ հնարավո՞ր է ձեզ տեսնել նաև ղեկավարման ավելի բարձր «հարթակներում»:


- Ես ոչինչ չեմ բացառում, առաջնորդվում եմ «երբեք մի ասա երբեք» սկզբունքով: Այդպիսի միտում դեռևս իմ մեջ չեմ նկատել: Այսօր թատրոնի բեմահարթակն ինձ լիովին բավարարում է և ձգտում չունեմ հայտնվելու քաղաքական «բեմերի» վրա:

 

 

 


- Ի՞նչն է պատճառը, որ հանդիսատեսին ավելի ճանաչելի ու սիրելի դարձաք, երբ հայտնվեցիք հեռուստաէկրանին:


- Ի սկզբանե այդպես չի եղել: Ես ավարտել եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ավարտելու օրվանից սկսած մինչև այսօր աշխատում եմ թատրոնում: Թատրոնն ինձ համար կյանք է, մի ուրիշ աշխարհ: Իսկ հեռուստատեսությունը պարզապես եղել է երկրորդական աշխատանք, որն առաջնային պլանում երբեք չի եղել: Ես իմ գործունեությունն ավելի շատ ծավալել եմ թատրոնում և հիմա էլ շարունակում եմ:


- Ի՞նչ նոր նախագծեր կան և ի՞նչ նոր ներկայացումների մեջ հանդիսատեսին կներկայանա Լուիզա Ներսիսյանը:


-Նոր նախագծերի պլաններ շատ կան: Այժմ ժամանակի առումով չենք կարողանում բոլորն իրականացնել: Բայց երկու նախագծերի վրա ենք աշխատում: Այժմ չեմ ուզում բացել փակագծերը և ավելի մանրամասն ներկայացնել: Միայն ասեմ, որ մեկը լինելու է մոնոներկայացում, իսկ երկրորդը՝ հոգեբանական դրամա: Հուսանք, որ մինչև սեպտեմբեր կհանձնենք հանդիսատեսի դատին, իսկ հեռուստատեսությունում հայտնվելու նոր նախագծեր առայժմ չկան: Իհարկե, կան մտահղացումներ, որոնց մասին դեռևս վաղ է խոսել:

 

 


-Կա՞ որևէ ժանր, որտեղ ձեզ ավելի ազատ եք զգում:


-Ինձ համար նշանակություն չունի՝ որ ժանրի մեջ եմ ներկայանում՝ լինի ողբերգություն, կատակերգություն, թե ֆարս: Կարևորը վստահեմ այն թիմին, որի հետ աշխատում եմ, և բոլորս նույն ուղղությամբ նայենք ու ազնիվ կատարենք մեր աշխատանքը: Կյանքում էլ է այդպես. չես կարող միշտ ուրախ լինել, միշտ հումոր անել կամ լացել ու սգալ: Նույնն է նաև բեմում. չէ՞ որ բեմը կյանքի արտացոլանքն է:


-Իսկ ինչո՞վ է տարբերվում Երևանի պետական Կամերային երաժշտական թատրոնը մյուս թատրոններից:


-Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը յուրաքանչյուր ներկայացում բեմադրելիս ձեռքը դնում է մարդկային կյանքի զարկերակի վրա: Հեղինակը միշտ դրսի կյանքը բերում է բեմ և դրա շնորհիվ է, որ այն միշտ թարմ է տվյալ ժամանակաշրջանի համար, իսկ դերասաններն անմիջապես կապ են ստեղծում հանդիսատեսի հետ՝ ինտերակտիվ կապ, շփում հանդիսատեսի հետ: Նրանք ոչ միայն ականատեսն են դառնում ուրիշի կյանքում կատարվող իրադարձություններին, այլև իրենք նույնպես դառնում են ներկայացման անմիջական մասնակիցները:


- Հանդիսատեսին միշտ ներկայանում եք խնամված տեսքով, գեղեցիկ կերպարներով: Ըստ ձեզ՝ ի՞նչն է այդ ամենն ամբողջացնում, ո՞րն է ձեր գրավչության «բանալին»:


- Ես իմ ներաշխարհին երբեք չեմ դավաճանում, որն ինձ համար ամենից կարևորն է: Գրավիչ ես այն ժամանակ, երբ ինքդ քո ներաշխարհի հետ համահունչ ես: Արտաքինից ուրիշ մարդ չես ձևանում, իսկ ներքուստ լինում բոլորովին ուրիշ: Այդ ժամանակ ներքին լարվածությունը, մկանների ձգվածությունը բերում է ներքին տգեղության, իսկ երբ հոգիդ ու մարմինդ գտնվում են ներդաշնակության մեջ, ապա ընդունվում և սիրվում ես հասարակության կողմից:

 

Ամալյա Մարգարյան