Հայաստանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը մասնակցել է Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին (Salon du livre): Հայաստանի տաղավարը ներկայացրել է Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամը: Հայաստանի տաղավարում ցուցադրված են եղել Հայաստանում և այլ երկրներում տպագրված հայերեն և օտարալեզու բարձրորակ հրատարակություններ, որոնց թվում առանձնահատուկ տեղ են գրավել Հայաստանին, Արցախին, Ջուղային նվիրված գրքերը: Ցուցահանդեսի 5 օրերի ընթացքում կազմակերպվել են նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ, տարբեր թեմաներով քննարկումներ և դասախոսություններ հայոց պատմության, հայկական մշակույթի ու ճարտարապետության վերաբերյալ: Քննարկումների շարքում այցելուների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքագետ, լրագրող Վիկեն Չեթերյանի (Viken Cheterian) «Լռության 100 տարի` թաքնված հայեր» 2015 թվականին հրատարակվելիք գրքի ներկայացումը:

 

Ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավարում ներկայացված են եղել նաև հայկական խոհանոցը և հայկական արտադրության հուշանվերներ: