Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու մեջ: Ըստ Իսպանիայի դատախազությանը ներկայացրած հայցի, Կաբալյեն Անդորայում գնել է բնակարան, սակայն 2010թ.-ից ապրում է Բարսելոնայում, մինչդեռ հարկերը վճարում է Անդորայում, համաձայն այդ երկրի օրենսդրության:

 

Ինչպես հաղորդում է Espanarusa-ն, մեղադրող կողմի գնահատմամբ, փորձելով օգուտ քաղել իր անունից և գործունեությունից, օպերային աստղը բնակվել է Բարսելոնայում, սակայն գրանցվել Անդորայում, որը հարկային վճարների առումով հանդիսանում է «դրախտ»:

 

Կաբալյեն 2010թ. հյուրախաղեր է ունեցել Իսպանիայում, Գերմանիայում, Շվեցարիայում, Իտալիայում, Լիտվայում, Չեխիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Մոսկվայում, Ժնեւում և Բարսելոնայում նա նաև ձայնագրել է իր նոր ալբոմը: Ըստ դատախազության, Կաբալյեն պետությանը պետք է վճարի 508 հազար 462 եվրո: Դատական առաջին նիստը կկայանա մայիսի 9-ին:

 

Կաբալյեն հայցի առնչությամբ որևէ մեկնաբանություն չի արել: