Վերջերս ծննդյան 25 ամյակը տոնած «Հայաստանի ձայնը 2» նախագծում Հայկոյի թիմից Զեմֆիրա Ֆրիդոնին հասցրել է իր ձայնային տվյալներով և բեմական արտաքինով գրավել հեռուստադիտողների ուշադրությունը: Մինչև «Մենամարտեր» փուլ հասածռուսաստանաբնակ երգչուհին ESem.am-ի զրուցակիցն է:
Ծննդյան օր, ամիս, տարի` ապրիլի 29, 1989թ.
Քույր, եղբայր` երկու քույր
Ապրում է`Մոսկվայում
Հոբբի` երաժշտությունը
Քո մասին
- Ես Զեմֆիրան եմ, ծնվել եմ 1989 թվականին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 8 տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան, մինչ օրս ապրում եմ Մոսկվայում: Ինձ մայրս է մեծացրել, ով կարողացել է ճիշտ խորհուրդներ ու խրատներ տալ` բարոյական բարձր արժեքներ սերմանելով, ինչը, կարծում եմ, վեր է ամեն ինչից: Նա ինձ որպես վառ անահատականություն է դաստիարակել: Ամեն պահ հպարտանում և լիովին վստահում է ինձ: Ես էլ, գիտակցելով նրա հավատն իմ հանդեպ, փորձում եմ այնպես ապրել, որ մայրս երբեք ամաչելու առիթ չունենա: Ես իմ որդեգրած կարգախոսով եմ առաջնորդվում. «Միշտ ստորագրում եմ իմ ասածների տակ», այսինքն` միշտ անում եմ այնպիսի քայլեր, որոնց համար հետագայում կարողանամ պատասխան տալ, նախ` իմ, ապա` ընտանիքիս, մասնավորապես` մայրիկիս առաջ:
Երկու քույր ունեմ, որոնց ուղղակի պաշտում եմ. նրանք ամուսնացած են ու ինձ արդեն երկու անգամ մորաքույր դառնալու պատվին են արժանացրել:
Կրթություն
- Դպրոցական առաջին քայլերս արել եմ Մոսկվայում: Ցավոք, ռուսական դպրոց եմ գնացել, զուգահեռ նաև երաժշտական խմբակի եմ հաճախել: 2006թ. ընդունվել եմ Մոսկվայի ժամանակակից արվեստների ինստիտուտի էստրադային-ջազային ֆակուլտետը: Ճիշտ է, բարձրագույն կրթություն այդպես էլ չստացա, բայց, հավատացեք, ոչնչով չեմ զիջում պրոֆեսիոնալ արտիստներին: Կարծում եմ` ամենակարևորը մարդու բնատուր տաղանդն է, եթե դա մեջից չեղավ, ոչ մի համալսարան չի կարող օգնել: Ես կողմնակից եմ նրան, որ երգչի ձայնն ավելի բնատուր լինի, ու նա ամեն պահ չկառչի իր սովորած նոտաներից: Կարող եմ նույնիսկ օրինակներ բերել Ջո Կոկերին և Օսկար Բենտոնին:
Կարիերա
- Երաժշտության հանդեպ սերն իմ մեջ դեռ փոքրուց է եղել, երբ հաճախում էի երաժշտական խմբակի: Դպրոցական տարիներին ակտիվ մասնակցություն էի ունենում միջդպրոցական միջոցառուներին և մեծ հաճույքով ի ցույց դնում բնատուր տաղանդս :) Նախորդ տարի, որն, ի դեպ, իմ տարին էր, որոշեցի ուժերս փորձել ու, ինչու չէ, իմ ծննդավայրում հայտնի դառնալ: Իմանալով «Հայաստանի ձայնը 2» նախագծի մեկնարկի մասին` շտապեցի Երևան` մասնակցելու: Կարծում եմ` ամեն մարդ իր երկրում պետք է կայանա: Հպարտ եմ, որ հայ եմ, ուզում եմ հաջողությունների հասնել հենց իմ հայրենիքում: Նախագծում Հայկոյի թիմից էի, հասել եմ մինչև «մենամարտի» փուլ, հետո մարզիչս ինձ չընտրեց, բայց դա էական խնդիր չէր ինձ համար. ճիշտ է` մի փոքր տխրել էի, բայց, կարծում եմ, մրցույթները չպետք է չափանիշ լինեն արտիստերի համար:
Նախագծից դուրս մնալն ինձ բնավ էլ չընկճեց, ես դեռ վերադառնալու եմ ու իմ հանդիսատեսին որակյալ երաժշտություն եմ ներկայացնելու, որքան էլ դա դժվար լինի:
Ըստ իս` ներկայիս շոու բիզնեսում ինձ շատ փորձություններ են սպասվում, բայց ամեն բան կանեմ հաստատվելու և որակյալ երաժշտություն ներկայացնելու համար. ունեմ տաղանդ և ինքնասիրություն,բայց դա բացարձակ ոչինչ է, որ կարողանամ մտնել հայաստանյան շոու բիզնես: Հնարավոր է, երբ արդարությունը վերականգնվի շոու բիզնեսում, ես էլ գամ նրա հետ:
Հանդիսատեսն է որոշում յուրաքանչյուր արտիստի ճակատագիրը: Կգա մի օր, որ իմ ճակատագիրն էլ կորոշվի :) Ի վերջո, խոսք եմ տվել վերադառնալ: Չգիտեմ` հետագայում ինչպես կդասավորվի երաժշտական իմ կարիերան, բայց մի բան կասեմ հաստատ` ես հպարտությամբ եմ բռնում բարձրախոսն ու բացարձակ անկեղծ եմ իմ հանդիսատեսի առաջ:
Անձնական կյանք
- Պատասխանեմ Ջոն Լենոնի բառերով. «Ցանկացած տղամարդու համար նպաստող ուժը կինն է, առանց կնոջ նույնիսկ Նապոլեոնը կլիներ հասարակ հիմար: Եթե դուք գտել եք ձեր արժանի կեսին, երջանկություն է»: Ինչ վերաբերվում է ինձ` այո´, ես երջանիկ եմ :)
Ընկերներ
- Ես շատ ծանոթներ ունեմ, բայց ընկերներ` ոչ: Մտերիմ ընկերներիս կարող եմ մատերիս վրա հաշվել. ամեն մարդու չեմ թողնում ինձ մոտիկ: Ես էությամբ միայնակ եմ: Ըստ իս` ավելի լավ է քիչ, բայց հավատարիմ ու անկեղծ ընկերներ ունենալ. չգիտես` ով կարող է մեջքից հարվածել:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը