Արցախյան պատերազմի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը մայիսի 5-ին կբարձրանա մեծ էկրան: Պրեմիերային ընդառաջ ESem.am-ը հանդիպել է ռեժիսորին` Ջիվան Ավետիսյանին և խոսել այս ֆիլմի մասին:
Կարեն Ջանգիրովի, Սաթենիկ Հախնազարյանի, Գրետա Մեջլումյանի, Սոս Ջանիբեկյանի, Բաբկեն Չոբանյանի, Մարինե Գաբրիելյանի, Վահագն Գալստյանի, Արթուր Մանուկյանի մասնակցությամբ ֆիլմի հերոսները երեխաներ են: «Ֆիլմի առանցքում երեխաների դրաման է, սակայն այն միայն երեխաների մասին չէ: Ֆիլմը նաև այն մարդկանց մասին է, ովքեր շրջապատում են երեխաներին,- ասաց Ջիվանը, ով պատերազմի տարիներին եղել է 10 տարեկան, ապրել է Ղարաբաղում: -Պատերազմի տարիներին ես երեխա էի, և այն հիշողությունները, որ կան իմ մեջ, արտացոլված են ֆիլմում: Ես չեմ հիշում շատ գունեղ մանկություն, որովհետև պատերազմը թողնում է իր դրոշմը»:
Ֆիլմում ներկայացված է երեք պատմություն. «Երեք ճակատագիր, երեք տարբեր սկիզբ և տարբեր ավարտ, որոնք միահյուսված են և մեկը մյուսի համար հիմք է: Կարծում եմ` այս կառուցվածքով ֆիլմն ավելի զորեղ է»: Ռեժիսորի խոսքով` դերասաններին ընտրելիս կարևորում է, որ սիրի նրանց և հավատա, որ տվյալ արտիստն իրականում կաներ այն, ինչ նախատեսված է դերով: «Ես գիտեմ, որ, օրինակ, Սոս Ջանիբեկյանը իրական կյանքում նման իրավիճակում հայտնվելու դեպքում կաներ այն, ինչ անում է ֆիլմում,- ասաց նա` հավելելով, որ միշտ նվիրումով է անում իր աշխատանքը: -Ես յուրաքանչյուր ֆիլմ նկարահանում եմ ինչպես վերջինը և չեմ ասում` այս բանը կանեմ հաջորդ ֆիլմում»:
Ինչ վերաբերում է երեխաների հետ աշխատելուն` Ջիվանը նշեց, որ դա բավականին բարդ է, քանի որ նրանք անկանխատեսելի են: «Պետք է երկխոսություն լինի նրանց հետ: Իմ առաջին խնդիրն այն էր, որ երեխաներն ինձ ընկալեն որպես մարդ, ոչ թե որպես ռեժիսոր»,- ասաց նա` ավելացնելով, որ իր համար կարևոր էր, որ հերոսները բնական խաղան իրենց դերը: Փոքրիկ հերոսների ընտրության ժամանակ չի առաջնորդվել, որ նրանք ունենան դերասանական գոնե փոքր փորձ: «Ես պատահական եմ ընտրել Աստղիկի դերակատարին, նրա ավագ քույրն էր եկել էր քասթինգի, սակայն հենց նա մտավ սենյակ, ես ասացի, որ նա է Աստղիկը: Թևանիկին հանդիպել էի Շուշիի փողոցներում` մեկ այլ ֆիլմի նկարահանումների ժամանակ, ասաց` Դուք չե՞ք պատրաստվում հանգստանալ, այստեղ լավ կոֆե են տալիս: Ասացի` դե լավ, սուրճ պատվիրենք, հարցրի` դու խմո՞ւմ ես, ասաց` բա այսքանը կազմակերպեցի, որ ինձ պատիվ տաք:) Այն ժամանակ արդեն կարդացել էի սցենարը ու հասկացա, որ եթե մի օր նկարահանեմ այս ֆիլմը այդ երեխան է մարմնավորելու Թևանիկին: Արամին ընտրել եմ քասթինգի ժամանակ: Ես նրան բան պատմեցի, վերարտադրեց դա` խաղալով անհավանական լավ»,- հիշեց ռեժիսորը և նշեց, որ հեշտ է պատմում, բայց բավականին երկար են փնտրել հերոսներին, միայն Թևանիկին չեն փնտրել:
Ֆիլմը hիմնված է իրական պատոմությունների վրա: Արնոլդ Աղաբաբովի ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմի սցենարը մշակել է Կարինե Խոդիկյանը: «Ունեմ մի ներքին համոզմունք, որ ֆիլմը սիրվելու է, որովհետև շատ մարդկային պատմություն է: Ամեն մարդ այստեղ կգտնի ինչ-որ բան, որն իր մասին է: Ֆիլմը մարդկանց մասին է, իսկ մարդը կայացած է ոչ թե նրանով, որ ամեն տեղ հաջողակ է, այլ իր թերություններով: Պատերազմի ընթացքում, երբ մարդը հայտնվում է ծայրահեղ վիճակում, դրսևորում է իրեն էնպիսին, ինչպիսին կա»,- ասաց Ջիվանը:
«Թևանիկը» կցուցադրվի Կաննի կինոշուկայում: «Ի սկզբանե ես գիտեի, որ այն ցուցադրվելու է Կաննում, ոչ այն պատճառով, որ հիմա դա նորաձև է կամ գումար ունեմ, չգիտեմ որտեղ ծախսեմ: Ուղղակի ցանկանում եմ, որ ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմն անպայման ցուցադրվի այնտեղ»,- եզրափակեց Ջիվանը:
Ներկայացրեցց Ամալյա Հովհաննիսյանը