Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը վատիկանյան «Չենտրո Ռուսիա էկումենիկա» (Centro Russia Ecumenica) մշակութային կետրոնում ապրիլի 28-ին կազմակերպել է ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալարեն թարգմանության շնորհանդեսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն իր ելույթում ընդգծել է ցեղասպանություն վերապրածների հետագա սերունդների կողմից պապերի տեսած սարսափելի իրադարձությունների մասին հուշերը ամբողջ աշխարհով բարձրաձայն հնչեցնելու կարևորությունը:

 

Շնորհանդեսի շուրջ 100 ներկաների թվում են եղել Վարուժան Ոսկանյանը, Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի քահանայապետական խորհրդի նախագահ (Սուրբ Աթոռի արդարադատության նախարար) կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, Սուրբ Աթոռի բարձաստիճան այլ ներկայացուցիչներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը, մասնավորապես՝ Պերուի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ուրուգվայի, Խորվաթիայի, Բուլղարիայի և այլ երկների դեսպաններն ու դիվանագետները, ինչպես նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների բարձաստիճան եկեղեցականներ, վատիկանյան, ռումինական և իտալական մշակույթի և գիտական շրջանակների, մամուլի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

«Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել 2009թ. Բուխարեստում: Թարգմանվել է իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, հայերեն և այլ լեզուներով: Իտալերեն թարգմանությունը լույս է տեսել 2011թ.` Անիտա Բեռնակիայի (Anita Bernacchia) թարգմանությամբ, «Կելլեր Էդիտորե» հրատարակչատան կողմից: