Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր նախագիծը` Cartoon Non-Stop խորագիրը կրող համերգի տոմսերը վաճառքում կլինեն մայիսի 1-ից: Տոմսերի արժեքը կտատանվի 2000-7000 դրամի միջակայքում:

 

Մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին կայանալիք երեք համերգի ընթացքում Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նվագախումբը կկատարի հայտնի և սիրելի մուլտֆիլմերի այցեքարտերը դարձած մեղեդիները: Մեծ էկրանին կցուցադրվեն հատվածներ այդ մուլտֆիլմերից: Համերգաշարով ՀՊԵՆ-ը հանդես է գալիս հերթական յուրօրինակ ծրագրի նախաձեռնությամբ, որը հաճելի և մատչելի երաժշտությամբ երիտասարդներին կուղղորդի դեպի դասական երաժշտություն:

 

Նախքան ստեղծագործությունների ցանկի վերջնական հաստատումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը կարող էին դառնալ մուլտֆիլմերի ընտրության մասնակիցներ:

 

Նոր համերգաշարը Hollywood non stop համերգաշարի շարունակությունն է, որը մեկնարկել էր 2012 թվականին և ներկայացվել երևանյան 8 բուհերում, որտեղ ավելի քան 6000 ուսանողներ ունկնդրել են հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։