Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին նվիրված «Ջոանա Մենդիլը երգում է Ազնավուր» խորագրով համերգը յուրօրինակ հարգանքի տուրք է աշխարհահռչակ երգչին: Փարիզում, «Անակո» զբոսանավի վրա մայիսի 15-ին կայանալիք համերգին երգչուհի Ջոանա Մենդիլը կներկայացնի լեգենդի ստեղծագործությունները:
«Մայիսին Շառլ Ազնավուրը տոնում է իր ծննդյան 90-ամյակը: Ջոանա Մենդիլի երեկոն կենդանի լեգենդին հարգանքի տուրք մատուցելու հնարավորություն է: Մենդիլը կկատարի Ազնավուրի` շատ ճանաչված և պակաս հայտնի գործերը: Երեկոն ձեզ կտանի Ազնավուրի մոլորակ»,- նշված է միջոցառման նկարագրության մեջ:
Ազնավուրն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տարածել է այս միջոցառման հղումը` այդպիսով հրավիրելով մարդկանց մասնակից դառնալու մշակութային տոնին:
ՀԲԸՄ փարիզյան մասնաճյուղի համերգների կազմակերպման պատասխանատու Այգ Փոթուկյանն ավելի վաղ տեղեկացրել էր այս համերգի մասին` նշելով, որ Ջոանա Մենդիլը հանդես կգա իր ջազ տրիոյի հետ:
Երգչուհին նախորդ տարի ՀԲԸՄ փարիզյան մասնաճյուղի նախաձեռնությամբ շանսոնյեին նվիրված միջոցառման ընթացքում կատարել էր Ազնավուրի երգերը:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ:
2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է,ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյակը, հոբելյանի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: