«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունը և մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկեր Ucom ընկերությունը համատեղ համացանցային մրցույթ են հայտարարել: Այս մասին ապրիլի 26-ին հրավիրված ասուլիսում հայտնեց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

 

«Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել համբուրվող զույգի լուսանկար, որտեղ կխորհրդանշվի Not alone երգի տեսահոլովակի հերոսների համբույրը»,- պատմեց Գասպարյանը:

 

«Որքան օրիգինալ լինեն լուսանկարները` այնքան լավ, կարող եք լուսանկարվել ավտոբուսներում, գնացքներում, մետրոներում, բեռնատար ավտոմեքենաններում, եթե, իհարկե, դա հնարավոր է», - ասաց Արամ MP3-ն:

 

Հաղթողին հետաքրքիր և յուրահատուկ անակնկալ է սպասում Արամ MP3-ի և Ucom ընկերության կողմից: Լուսանկարները երգչի պաշտոնական էջին պետք է ուղարկել մինչև մայիսի 5-ը:

 

Ասուլիսի բանախոսները Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կոչ արեցին քվեարկել Հայաստանի օգտին:

 

«Օրերս փողոցում ինձ հանդիպեց մի տատիկ, ով ասաց, որ քվեարկելու է իմ օգտին, ես ասացի, որ Հայաստանում բնակվողները չեն կարող քվեարկել իմ օգտին, ինչին նա պատասխանեց, որ ռոումինգ ակտիվացում ունեցող արտերկրյա համար ունի»,- ժպիտով պատմեց Արամ MP3-ին:

 

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Կոպենհագեն ապրիլի 27-ին: Արամ MP3-ին ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում` առաջին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Եվրատեսիլյան հայաստանյան Not alone երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքի հեղինակը` Գարիկ Պապոյանը: Երգի գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է: Երգն արտահայտում է «պայքարիր հանուն սիրո» գաղափարը: Մեր մասնակցի Not alone երգի տեսահոլովակը մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջինն է` ավելի քան 2 մլն 200 հազար դիտում ցուցանիշով:

 

2014 թվականի մայիսին կայանալիք համեվրոպայան մրցույթն ուղղիղ եթերում հնարավորություն կունենան դիտել ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, այդ թվում` Առաջին ալիքի հեռուստադիտողները: