Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը նշվեց բանաստեղծի ծննդավայրում: Թեև շատ գրական հանդեսներում և հանրագիտարաններում Հովհաննես Շիրազի /Օնիկ Կարապետյան/ ծննդյան օրընշված է ապրիլի 27-ը, սակայն շիրազագետները վստահեցնում են, որ «Հավերժի ճամփորդ»-ն իրականում ծնվել է ապրիլի 25-ին: «Պաշտոնապես Շիրազի ծննդյան օրը նշվում է ապրիլի 27-ին, բայց իրականում նա ծնվել է ապրիլի 25-ին՝ գրողն անձամբ է ասել դրա մասին ինձ: Պարզապես, որպեսզի այդ օրը չհամընկնի Ցեղասպանության օրվան հաջորդող օրվա հետ, կառավարությունից Շիրազին խնդրել էին հոբելյանը 2 օրով հետաձգել»,- իր խոսքում նշեց բանաստեղծ Սամվել Մարգարյանը: Ի դեպ, մինչ օրս շատերը նաև կասկածի տակ են դնում Հովհաննես Շիրազի ծննդյան տարեթիվը՝ ոմանց համար այս տարին հոբելյանական է՝ նշվում է Շիրազի 100 տարին, իսկ ուրիշները տոնում են մեծ բանաստեղծի 99-ամյակը:

 

Ապրիլի 25-ին ՀՀ գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի երիտասարդական թևի, «Հյաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի և «Բագրատունյաց ասպետներ» հասարակական կազմակերպության անդամները հավաքվել էին Գյումրու Թատերական հրապարակում՝ Հովհաննես Շիրազի հուշարձանի մոտ: Օրը կատարյալ էր շիրազյան գոհարները ներկայացնելու, մեծ բանաստեղծի կյանքի հետաքրքիր դրվագներն ու ստեղծագործությունները վերհիշելու համար: Շիրազը բոլորինն է, նրան սիրում են բոլորը, իսկ բանաստեղծի գործերը անմահ ու ոգեղեն են՝ վստահեցրին ներկաները:

 

Առաջին իսկ ժողովածուուով` «Գարնանամուտ»-ով ժողովրդի սերը գրաված բանաստեղծը հետագա իր ստեղծագործություններում պետք է վեր դասեր մորը, մայրենին ու հայրենիքը` դառնալով ժողովրդի ցավերի ու տառապանքերի երգիչը: 50-60-ական թվականներին նա բարձրաձայնեց հայ ժողովրդի ցավն ու երազանքերը, Արարատի ցավը՝ թողնելով անմահ գրական ժառանգություն:

 

Արմենուհի Մխոյան