Կյանքի 86-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Այս մասին  տեղեկանում ենք երգչուհի Էմմիի ֆեյսբուքյան էջից, ով իր ցավակցութունն էր հայտնել անվանի մաեստրոյի մահվան կապակցությամբ:

 

Օրբելյանի ընկերը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը նշեց, որ վերջին օրերին Օրբելյանն վատառողջ էր: Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստիի համար ևս կորուստը մեծ է: «Անասելի ցավ ու դատարկություն. սիրելի մաեստրո...»,-գրել է Անին իր ֆեյսբուքյան էջում: Նրանք մաեստրո Օրբելյանի հետ համագործակցության բազմաթիվ օրինակներ ունեն:

 

2013 թվականին սեպտեմբերին ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի 85-ամյա հոբելյանի առթիվ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել էր մեծ համերգ, որը մաեստրոն պատվել էր իր ներկայությամբ: 1992 թվականից ԱՄՆ մեկնած և Սան-Ֆրանցիսկոյում բնակություն հաստատած կոմպոզիտոր, դաշնակահար Օրբելյանի ծննդյան 80 և ստեղծագործական գործունեության 65-ամյակները 2008 թվականին մեծ համերգային ծրագրով էին նշվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

2011 թվականի ամռանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել էր եւս մեկ համերգ` նվիրված Օրբելյանների ընտանիքին: Համերգին հանդես էր եկել նաեւ մաեստրոյի եղբորորդին` անվանի դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերը:

 

Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից և եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը: 1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակարդիոնահար: Որոշ ժամանակ անց, ռազմական օրկեստրի հետ, համերգներով հադես է եկել Երևանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945թ-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությու նը: 1956թ-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ: 1962թ. Մոսկվայում անցկացվող ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է «Անմահություն» բալետը: 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չէս, ով պետք է ինձ», «Հիշեք» և այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1992թ. մեկնել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սան Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:

 

Mediamall.am կայքը կիսում է երաժշտի հարազատների, ընկերների, երկրպագուների ցավը: