Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում ապրիլի 23-ին նշվում է անգլիացի մեծագույն դրամատուրգ և պոետ Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակը, որը մինչ օրս մնում է համաշխարհային թատրոնի բեմադրությունների ամենապահանջված հեղինակը:

 

Պատմությունը չի պահպանել Շեքսպիրի ծննդյան իսկական օրը: Հայտնի է միայն, որ նա մկրտվել է ապրիլի 26-ին: Ավանդաբար այդ օրը նշվում է Անգլիայի ազգային պոետի մահվան ամսաթվի՝ ապրիլի 23-ի հետ միաժամանակ, որը համընկնում է Սուրբ Գեորգիի՝ Անգլիայի երկնային հովանավորի տոնի հետ:

 

Շեքսպիրի ստեղծագործական ժառանգությունը ներառում է 38 պիես, 154 սոնետ, չորս պոեմ և երեք դամբանագիր: Վերածննդի դարաշրջանի հանճարը տաղանդաշատ Էր: Նա ոչ միայն գրում էր, այլեւ բեմադրում իր պիեսները, ղեկավարում «Թագավորի ծառաները» անվանումը կրող թատերախումբը, որը ներկայացումներ էր տալիս «Գլոբուս» թատրոնում:

 

«Նա երբեք մոդայից դուրս չի եկել, սակայն վերջին 25 տարում նրա հեղինակությունը, հիրավի, հասել է ստրատոսֆերայի բարձունքին: Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում դուք ավելի վաղ երբեք չէիք կարող տեսնել Շեքսպիրի այսքան շատ բեմադրություններ»,- նշել է դրամատուրգի ստեղծագործության բրիտանացի մասնագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Բեյթը:

 

Անգլիացի հանճարի ողբերգությունները՝ «Համլետ»-ը, «Լիր Արքա»-ն, «Ռոմեո և Ջուլիետ»-ը, չեն իջնում աշխարհի թատրոնների բեմերից՝ պատմելով մարդկային գոյության հավերժական կոնֆլիկտների մասին:

 

Լոնդոնի «Գլոբուս» թատերախումբը, որը իր պատմական տեսքով վերստեղծվել է Թեմզայի ափին, ապրիլի 23-ին առաջին անգամ հանրությանը կներկայացնի «Համլետ»-ի իր նոր բեմադրությունը: Այդ ներկայացմամբ բրիտանացի դերասանները կմենկնեն համաշխարհային շրջագայության: Այն կշարունակվի երկու տարի և կավարտվի 2016 թվականին, երբ նշվելու է Շեքսպիրի մահվան 400-ամյակը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: