Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» ֆիլմը ապրիլի 25-ից կլինի մեծ էկրաններին: Ֆիլմի պրեմիերայի օրը պատահական չէ ընտրված: Այստեղ արծարծված է ցեղասպանության թեման, սակայն հեղինակները չեն ընտրել Ապրիլի 24-ը, քանի որ ֆիլմը միայն այս թեմայով չէ: «Հայոց ցեղասպանության հարցը ներկայացված է սուր ձևով՝ երիտասարդների քննադատությամբ և մոտեցմամբ: Մեծ հաշվով, այստեղ խնդիրը քաղաքական-հասարակական է, սակայն հայրենասիրական հարցեր էլ են շատ շոշափվում»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորներից մեկը՝ Արեգ Ազատյանը:
Հեղինակներն առաջնորդվել են Գարեգին Նժդեհի խոսքերով՝ «Ազգերը տառապել են ու դեռ կտառապեն իրենց ազգի տականքների պատճառով»: «Մեր հերոսների մեջ ևս արթնացած է այդ տականքը,- ասաց Արեգն ու բացատրեց, թե ինչու է ֆիլմը ստացել «Ռոմանտիկներ» անունը,- հերոսները ռոմանտիկ են այնքանով, որ չեն գիտակցում իրենց մեղսագորրծությունը: Վեց ընկերներն օգտագործում են թմրանյութ, և բարի մարդիկ աստիճանաբար վերածվում են գազանի: Լինելով թմրանյութի, ալկոհոլի ազեցության տակ՝ նրանք անգիտակցաբար սպանում են իրենց ընկերոջը, ընդ որում՝ սպանում են ոչ ավանդական միջոցներով»: Ռեժիսորը չցանկացավ այլ փակագծեր բացել՝ հետաքրքրությունը չկորցնելու համար: Նա հավաստիացրեց, որ սա չի կարող խմիչքի և թմրանյութի քարոզ դառնալ. «Կարծում եմ՝ ցանկացած խելամիտ մարդ կհասկանա, որ չի կարելի օգտագործել խմիչք և թմրանյութ. եթե հայ երիտասարդը կարող է վերածվել անհասկացող մի երևույթի և հաջորդ օրը մոռանա այդ մասին, դա վատ է: Չեմ կարծում, թե այստեղ քարոզ կա»:
Ըստ Արեգի՝ ֆիլմում ներկայացված են բանիմաց երիտասարդներ: Ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները, կոմպլեքսները: «Մենք բարձրացնում ենք մեր երիտասարդության մեջ առկա տարատեսակ բարդույթներ,- նկատեց ռեժիսորը, ում խոսքով, ի տարբերություն այլ ֆիլմերի, այստեղ հերոսներն իդեալականացված չեն: -Ֆիլմում շատ սուր բաներ, այդ թվում՝ հայհոյանքներ կան, սակայն դա չի հասնում գռեհկության: Այն համարձակ է, բայց ոչ գռեհիկ. դա ընդամենը իրականության արտացոլումն է»: Ռեժիսորի փոխանցմամբ՝ իրատեսական է թե՛ սցենարը, թե՛ նկարահանման ոճը: Կարելի է ասել, սա ռոմանտիկների ռեալիստական պայքարն է: Նա նշեց, որ ցանկացած հայ պետք է անկեղծ լինի իր ազգի հանդեպ. «Ֆիլմում բացեիբաց ցույց են տրվում ազգի խնդիրները: Դա ուղղակի չի արվում, դա ապտակի պես մի բան է՝ ինքնադաստեարակման համար: Ֆիլմն այնքանով է հայրենասիրական, որքանով յուրաքանչյուրս մեր միջից կարող ենք հանել այդ տականքին»:
Ֆիլմի առաջին ցուցադրությունը եղել է ավելի վաղ. հունվարին այն ցուցադրվել է Շվեդիայում՝ Գոթեբորգի միջազգային կինոփառատոնում: Երևանյան առաջնախաղի նախաշեմին հեղինակները մտավախություններ չունեն: «Չենք վախենում, որովհետև արվեստում նոր ասելիք ունենալու համար պետք է երիտասարդական համարձակություն ունենաս,- ասաց Արեգը՝ հավելելով, որ ֆիլմում զբաղված են եղել երիտասարդներ: -Պատահական չէ, որ մի շարք միջազգային փառատոններում բոլորը նշում էին, որ երիտասարդական ոգևորվածությունը փաստում է հայկական կինոյի նոր ալիքի մասին: Եթե սա լիներ մեքսիկական կամ բրազիլական ֆիլմ, սովորական կլիներ, սակայն այս տեսակի հայկական կինո չի նկարահանվել: Դա բոլորն են ասում, և խոսքը ոչ թե լավը կամ վատը լինելու, այլ մտեցման, համարձակության, անկեղծության մասին է»:
Ֆիլմը նկարահանվել է ըստ Արեգ Ազատյանի համանուն վիպակի, սցենարի և բեմադրության հեղինակը Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադևոսյանն են: Ֆիլմի հերոսներին մարմնավորել են Նարեկ Ներսիսյանը, Նարեկ Քթոյանը, Կարեն Խոսրովյանը, Հակոբ Մանուկյանը, Դևիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանիելյանը, Արթուր Ղալումյանը, Րոֆֆի Էլլիոթը: «Ռոմանտիկները» նկարահանվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթեբորգի կինոհիմնադրամի, Արևելաեվրոպական կինոալիանսի և այլ ընկերությունների աջակցությամբ։
Այս ֆիլմը ներկայացված է նաև «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության 6 անվանակարգում՝ «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Լավագույն օպերատոր», «Լավագույն նկարիչ» և «Լավագույն դերասան»։
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը