Արգենտինայում պատրաստել են աշխարհում ամենամեծ շոկոլադե բատոնը. նրա երկարությունը 130 մետր Է, քաշը՝ 800 կիլոգրամ: Հսկայական բատոնի պատրաստումը, որը շոկոլադի ազգային տոնի շրջանակներում տեղի Է ունեցել Սան Կառլոս դե Բարիլոչե առողջարանային քաղաքում, տևել Է ընդամենը 20 րոպե: Դրա ստեղծմանն ընդհանուր առմամբ մասնակցել Է 35 հրուշակագործ, ովքեր հուսով են, որ իրենց ստեղծագործությունը տեղ կգրավի Գիննեսի ռեկորդների գրքում:
Շոկոլադե բատոնը տրոհել են 23 հազար մասի և բաժանել հանդիսատեսներին, ովքեր հետևում Էին գործողությանը և այն նկարահանում իրենց շարժական հեռախոսների տեսախցիկներով:
Սակայն շոկոլադի տոնը, որն արդեն երրորդ անգամ Է անցկացվում Սան Կառլոս դե Բարիլոչե առողջարանային քաղաքում (Ռիո Նեգրոյի նահանգ), դրանով չի ավարտվում: Հրուշակագործներն արդեն հասցրել են պատրաստել 5 մետր տրամագծով եւ 9 մետր բարձրությամբ զատկական շոկոլադե ձու: Դրա արտադրության համար օգտագործվել Է 4 տոննա շոկոլադ, որով հռչակված Է այս գեղատեսիլ փոքրիկ քաղաքը, որը տարածվում Է Պատագոնիայի լեռների և լճերի միջև մայրաքաղաք Բուենոս Այրեսից 1600 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: