Հանրահայտ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիլ Գարսիա Մարկեսը մահացել է 87 տարեկանում: Ինչպես գրում է ITAR-TASS-ը, մահվան լուրը հաստատել է Մեքսիկայի Մշակույթի ու արվեստի ազգային խորհրդի նախագահ Ռաֆայել Տովարը: Նրա խոսքով` գրողը մահացել է Մեքսիկայի հարավային շրջաններից մեկում գտնվող իր առանձնատանը: Բժիշկները ու ընտանիքի անդամները դեռևս չեն նշում մահվան պատճառը: Գաբրիել Գարսիա Մարկեսը ապրիլի 8-ին դուրս էր գրվել հիվանդանոցից. նա հոսպիտալացվել էր մարտի 30-ին:
Հանրահայտ «Հարյուր տարվա մենություն» վեպի հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927 թվականի մարտի 6-ին կոլումբիական փոքրիկ Արակատակա քաղաքում` Էլիխիո Մարկեսի և Լուիզա Սանտյագո Մարկեսի ընտանիքում: 1950-1954 թթ. Մարկեսն աշխատել է որպես լրագրող, Էլ Հերալդո թերթում վարել է սեփական սյունը:
Գրականության բնագավառում 1982 թ. դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Առավել հայտնի են նրա «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Չարաբաստիկ ժամը», «Սերը ժանտախտի ժամանակ» վեպերը։ Գրողին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը` գրված 1967-ին: