«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով երկօրյա գիտաժողովը մեկնարկեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Միջբուհական, երիտասարդական գիտաժողովը կազմակերպվել է բուհի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ, որին մասնակցում են Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ և երիտասարդ գիտաշխատողներ: «Հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մեծացել է հետաքրքրությունը այս հարցի նկատմամբ, որի համար էլ կազմակերպեցինք այս գիտաժողովը: Այն ունի ինչպես ուսումնաճանաչողական նպատակ, այնպես էլ ցանկություն ունենք մեր ուսանողներին, երիտասարդ գիտաշխատողներին մասնակից դարձնել Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերն իրենց ուսումնասիրության կիզակետում դնելու գործընթացին»,- նշեց Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Մարիամ Եղյանը:

 

Նրա խոսքով` գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան Երևանի պետական համալսարանից, Երևանի պետական բժշկական համալսարանից, Հայ-ռուս (սլավոնական) համալսարանից, Ռազմական ավիացիոն ինստիտուտից, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից, Էջմիածնի Գևորգյան ճեմարանից, Սևանի Վազգենյան դպրանոցից, Կառավարման ակադեմիայից, Հայաստանի ոստիկանական կրթահամալիրից:

 

Գիտաժողովը բաղկացած է չորս առանձին բաժիններից, որոնց ժամանակ ներկայացվելու են Հայոց ցեղասպանության հարցին առնչվող զեկուցումներ պատմության, միջազգային իրավունքի, հոգեբանության և մշակութաբանության տեսանկյունից: Միջոցառման ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր: