Երգչուհի Մարգարիտա Բարխոյանն առաջիկայում մի շարք նորություններ կունենա: Դրանցից առաջինը նոր տեսահոլովակը կլինի, որը երգչուհին հանդիսատեսի դատին կհանձնի օրեր անց: «Լուսինը» կոչվող նոր երգը երգչուհու տասը հեղինակային ստեղծագործություններից մեկն է, որը տեղ կգտնի նաև անհատական երգերի ձայնասկավառակում: «Ձայնասկավառակի բոլոր երգերն էլ պատրաստ են. առաջիկա ամիսների ընթացքում դրանցից մի քանիսի հիման վրա տեսահոլովակներ կունենամ, որից հետո հավանաբար տարեվերջին կթողարկեմ ձայնասկավառակը»,-ESem.am-ին ասաց Մարգարիտան:
Երգչուհու խոսքով` իր մոտ այժմ բուռն ստեղծագործական շրջան է: Արդեն նկարահանված է «Լուսինը» երգի տեսահոլովակը և արդեն սկսել է մեկ այլ երգի տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները: «Այժմ ավելի շատ էկրանի համար եմ աշխատում: Կարող եմ ասել, որ իմ կողմից երբեք էլ դադար չի եղել, պարզապես այժմ այլ կերպ եմ աշխատում,-շեշտեց Մարգարիտան և նշեց, որ ցանկացած նոր աշխատանք փորձում է իր միջոցներով անել,- Հստակ որևէ ակումբում չեմ աշխատում, սակայն եթե միջոցառումների հրավերներ են լինում, սիրով ընդունում եմ: Եթե ֆինանսն ավելի շատ լինի, հաճախ նոր աշխատանքներ կներկայացնեմ, թեև կարծում եմ, չի կարելի անընդհատ եթերում լինել»:
Երգչուհու նոր տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ստեփանյանն է: Մարգարիտայի փոխանցմամբ` նկարահանումներն ընդամենը մեկ օրում են արել ու այն տարբերվել է նախորդներից: «Մի շնչով նկարել ենք ամբողջ տեսահոլովակը: Նկարահանումներ ենք ունեցել քաղաքից դուրս, ակումբում և կանաչ տաղավարում»,- ասաց երգչուհին` հավելելով, որ շատ գունեղ ու ռիթմիկ տեսահոլովակ է ստացվել` երգին համապատասխան:
Մարգարիտան պատմեց նաև, որ տեսահոլովակը սյուժե չունի, հերոսուհին էլ ինքն է: Ի դեպ, տեսահոլովակի նկարահանման ընթացքում երգչուհին առաջին անգամ մոտոցիկլ է նստել: «Մոտոցիկլի վրա հայտնվելու առաջին րոպեներին տարօրինակ զգացողություն ունեի, որովհետև այն շատ արագ էր ընթանում, բայց հետո հասկացա, որ իրականում այնքան էլ վախենալու չէ: Այն մի տեսակ ազատություն է տալիս մարդուն»,-նկատեց երգչուհին, ով տեսահոլովակի նկարահանման լուսանկարները իր սոցցանցային էջերում հրապարակելուց հետո մոտոցիկլ գնելու բազմաթիվ առաջարկներ է ստանում: «Մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, որ մոտոցիկլ շատ եմ սիրում. ինձ տարբերակներ են առաջարկում, թե որը կարող եմ գնել, սակայն պետք նշեմ, որ առաջիկայում նման մտադրություն չունեմ»,-եզրափակեց զրուցակիցս:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը