Նյու Յորքում լույս է տեսել Արմեն Դոնելյանի «Սայաթ-Նովա. իմ նախնիների երգերը» խորագրով նոր սկավառակը: Այս սկավառակը դաշնակահար, կոմպոզիտոր, խմբի ղեկավար և մանկավարժ Դոնելյանի նոր, կրկնակի ալբոմն է, թվով տասներորդը, որ թողարկել է Sunnyside ձայնագրության ստուդիան: Սկավառակի թողարկման առթիվ համերգ է տեղի ունեցել ապրիլի 4-ին, «Թենրի» մշակութային կենտրոնում:
Համերգի կազմակերպիչ Նյու Յորքի Հայ Ուսանողների Ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Հովսեփյանի կինը՝ Թամար Գասպարյան-Հովսեփյանը պատմեց, որ այս սկավառակում Դոնելյանը որպես մենակատար դաշնակահար և իր ջազային եռյակի առաջնորդ, Դավիթ Կլարկի և Ջորջ Շուլլերի հետ, կենտրոնանում է 18 - րդ դարի հայ աշուղ Սայաթ – Նովայի նուրբ և սքանչելի երաժշտության վրա:
«Ես հպարտ եմ, որ կարող եմ Սայաթ-Նովայի երաժշտությունը ներկայացնել լայն հանրությանը», - ասել է Դոնելյանը:
Նախագծի մասին Դոնելյանն սկսել է մտածել 2002 թվականից, երբ վարպետության դասեր է վարել Երևանի պետական կոնսերվատորիայում: Հայաստանում ապրած ամիսներին նա սկսել է խորությամբ ուսումնասիրել Սայաթ-Նովայի երաժշտությունը և իր հետ Միացյալ Նահանգներ տարել կարևոր գրքեր ու նոտաներ:
«Վաղ հասակից մեր բազմամշակութային նախասիրություններ ունեցող ընտանիքում միշտ լսել եմ Միջին Արևելքի, եվրոպական դասական և ամերիկյան ջազ երաժշտության ձայնագրություններ»,-նշել է Դոնելյանը: Այս երեք ուղություններն էլ հենց միաձուլվում են Սայաթ-Նովայի երաժշտության դոնելյանական մեկնաբանություններում: Պահպանելով Սայաթ-Նովայի մեղեդիների յուրաքանչյուր մասնիկ` Դոնելյանը վարպետորեն ձուլում է ժամանակակից ջազի և դասական երաժշտական ձևաչափերը` հանգելով կատարյալ հարմոնիկ և հղկված երաժշտական ամբողջության:
Արմեն Դոնելյանը ծնվել է 1950 թվականին Նյու-Յորքում: Նվագել է մի շարք աշխարհահռչակ խմբերի և անհատ կտարողների հետ: Դասավանդել է և այժմ էլ դասավանդում է Նյու-Յորքի մի շարք համալսարաններում: