Կյանքի 85-րդ տարում, ապրիլի 10-ին վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր Սլավիկ Բաղդասարի Պարոնյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Սլավիկ Պարոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հարազատներն ու ընկերները վերջին անգամ հրաժեշտ կտան Պարոնյանին Հայաստանի նկարիչների միության շենքում` ժամը 12:00-14:00-ն: Այնուհետև ժողովրդական նկարչին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում:

 

Սլավիկ Պարոնյանը ծնվել է 1929թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում: 1955թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը՝ յուրացնելով կերպարվեստի մեծ վարպետների` Մ. Սարյանի, Հ. Զարդարյանի, Գ. Գյուրջյանի, Ա.Սարգսյանի ուսանելի դասերը: Մասնագիտական կարիերայի կայացման նշանակալի շրջադարձը պայմանավորվել է 1957թ. Մոսկվայում կայացած` գեղանկարիչների 6-րդ համաշխարհային երիտասարդական փառատոնին նրա մասնակցությամբ:

 

Ս. Պարոնյանն անցել է 60-ամյա ստեղծագործական աշխատանքի արգասաբեր և ուսանելի ճանապարհ: Ստեղծել է մեծաքանակ և բարձրարվեստ գեղարվեստական գործեր` առավելապես բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, որոնք գեղարվեստական բարձր արժեքների կրող են` հայկական բնաշխարհին բնորոշ գույներով, եթերային, անաղարտ երանգներով, առինքնող ձգողական ուժով: Բնությունը եղել է նրա ներշնչանքի, տոգորումի և թռիչքի աղբյուրը, գեղեցիկին և կատարյալին հասնելու ուղեցույցը: Վաստակաշատ բնանկարչի բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում (Երևան, Ստեփանա կերտ, Մոսկվա, Սպոկան, Վալենս, Նյու Ջերսի)՝ արժանանալով տասնյակ մրցանակների, դիպլոմների ու պատվոգրերի: Բազմիցս ձևավորել է Հայաստանի տաղավարը միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում:

 

Ս. Պարոնյանը շուրջ կես դար զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ իր մասնագիտական փորձառությունն ու հարուստ գիտելիքները փոխանցելով տասնյակ ու տասնյակ ապագա նկարիչների: Ոչ միայն գեղանկարչական արժեքավոր աշխատանքների, այլև մարդկային բարձր որակների շնորհիվ մշտապես վայելել է գործընկերների և ուսանողության սերն ու հարգանքը:

 

Պարոնյանը 2010 թվականից Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր էր: 1956թ.` ՀԽՍՀ, իսկ 1960թ.՝ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր: 1983թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչման: 2012թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչման: 2009թ. կայացել է անհատական ցուցահանդեսը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:

 

Անվանի նկարչի մահը ծանր կորուստ է հայ գեղարվեստի բնագավառի համար: Նրա հիշատակը մշտապես կուղեկցի գործընկերներին, բարեկամներին, արվեստասեր հասարակությանը, իր գործի բազում հետևորդներին: