Օրերս մեծ էկրան կբարձրանա կինոռեժիսորներ Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերերը մարմնավորել են ճանաչված դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը։


Ֆիլմն արդեն հետաքրքրություն է առաջացրել հասարակության մի շարք շերտերում և այդ կապակցությամբ ներկայացնում ենք հեղինակների համառոտ նկարագրությունը ֆիլմի մասին։

 

«Մենք մեզ հաճախ հարց ենք տալիս, թե ինչո՞ւ որոշեցինք անդրադառնալ այս թեմային։ Սակայն պատասխանի համար երկար մտածելու կարիք չկա։ Մենք ցանկանում էինք նկարել մի պատմություն, որտեղ արտացոլված երիտասարդը կլինի անկեղծ, զերծ բոլոր ձևականություններից, «քյարթություններից»։ Մեզ համար ֆիլմը հայրենասիրական է, սակայն շատերի համար «Հայրենասիրություն» բառը կարող է փոքր-ինչ այլ կերպ ընկալվել։ Մենք ցույց ենք տալիս խելացի ու բանիմաց երիտասարդների, սակայն միևնույն ժամանակ ֆիլմում այդ նույն խելացի երիտասարդները` գտնվելով թմրանյութերի ու ալկոհոլի ազդեցության տակ, 180 աստիճանով փոխվում են։ Հաշվի առնելով որոշ տեսարաններ` շատերին ֆիլմը համարձակ կարող է թվալ, բայց ֆիլմը հենց համարձակ մարդկանց համար է, ովքեր ցանկանում են լսել իրական խոսք, տեսնել իրական կերպարները, շփվել իրական խնդիրների հետ։ Եթե անդրադառնում ես նման թեմայի` այն հնարավորինս հավաստի պետք է ներկայացվի»։