Tert.am-ը գրում է.
Ավստրալացի Սքոթ Մագսը մաշկի քաղցկեղի պատճառով իր մտերիմ ընկերոջ մահից հետո սկսել է հատուկ նպատակով բեղ-մորուք աճեցնել, որն այժմ վաճառում է ոչ ավել, ոչ պակաս 1.000.000 դոլարով։
Ինչպես նշում է Daily Mail-ը, տղամարդը դեմքի մազածածկույթի դիմաց ստանալիք գումարը մտադիր է ուղղել բարեգործությանը, որը կօգնի մաշկի քաղցկեղ ունեցող մարդկանց։
Մագսը մանրամասնել է, որ մելանոման միանգամայն կանխվող հիվանդություն է, եթե, իհարկե, մարդիկ պարբերաբար գնան բուժզննումների։ Ուստի ընկերոջ մահից հետո ինքը որոշել է մորուք աճեցնել ու դրանով գրավել շրջապատի ուշադրությունը։ Եվ երբ հետաքրքրասերները նրան հարցնում են, թե ինչու է նման խիտ ու երկար մորուք պահում, Մագսը պատմում է հանգուցյալ ընկերոջ պատմությունն ու խնդրում իրեն լսողներին անպայման գնալ բժշկի ու ստուգվել։
Աղբյուրը նշում է, որ Մագսի յուրահատուկ արշավը տվել է դրական արդյունքներ, և ինչպես պարզվել է՝ ավստրալացու հետ զրուցելուց հետո բուժզննման գնացածներից որոշների մոտ մելանոմա է հայտնաբերվել, որը, բարեբախտաբար, եղել է զարգացման վաղ փուլում։
«Ես այնքան ուրախ եմ, որ բեղ-մորուքիս շնորհիվ կարողացել եմ մարդկանց կյանքը փրկել, և դեռ ինչքան եմ փրկելու ապագայում»,-ասել է հնարամիտ ավստրալացին։