Վերջին շրջանի հեռուստադադարից հետո Ավետ Բարսեղյանը վերադարձավ Հանրային հեռուստաընկերություն, որտեղ երկար տարիներ աշխատել ու հասցրել էր դառնալ այս ալիքի դեմքերից մեկը: Ինչպե՞ս եղավ վերադարձը, ինչո՞ւ, արդյո՞ք նա հանդես կգա այլ հեռուստաընկերություններում, ինչքանո՞վ է նրան դուր գալիս այսօրվա Առաջին ալիքը: Այս և այլ հարցերի շուրջ Լուրեր.com-ի հետ զրույցում անկեղծացավ հաղորդավարը:


-Վերջին ամիսներին հեռուստահաղորդավարի դերում Ձեզ չէինք տեսնում. ինչո՞վ էր պայմանավորված այդ դադարը և ինչո՞վ էր զբաղված Ավետը:


-Այդ ընթացքում երգեր էի գրում, համերգներ էի վարում` ոչ միայն Երևանում: Այդ ընթացքում հեռուստադադար էր ինձ մոտ` շատ ճիշտ, կարևոր և օգտակար ինձ համար:


-Ավետ, ինչպե՞ս ստացվեց «Համեղ մենամարտ» հաղորդման հյուրից մինչև հաղորդավար անցումը:


-Անցումը կատարվեց պարզապես հրավերով: «Առաջին ալիքից» ստացա հրավեր՝ վարելու «Համեղ մենամարտ» հաղորդումը և որով էլ տեղի ունեցավ իմ վերադարձը Հանրային հեռուստաընկերություն:


-Արդյո՞ք այս հաղորդաշարով վերադառնալը ճիշտ եք համարում, չէ՞ որ այն Ձեր վարած հաղորդումներից այնքան շատ է տարբերվում:


-Ես կարծում եմ՝ հեռուստահաղորդավարի համար կաղապարվել մի ձևաչափի մեջ, շատ սխալ է: Անդադար նույն ֆորմատը ճահճացնում է: Ինձ համար սկզբում շատ խորթ էր, բայց ընթացքում դարձավ շատ իմը, և արդյունքում ստացվեց ևս մեկ ձևաչափ իմ հեռուստակարիերայում:


-Ձեզնից առաջ հաղորդումը վարում էր Արայիկ Ղազարյանը: Ի՞նչ կփոխվի Ձեր հաղորդավար լինելու ժամանակ:


-Եթե ասեմ ֆանտաստիկ նորություններ են՝ սուտ կլինի: Պարզապես ձևաչափը փոխել եմ ավելի շատ շփման ֆորմատով, քան պատրաստման: Հյուրերի հետ խոհանոցային մթնոլորտում բացահայտումներ' իրենց կյանքից, գործունեությունից և ընթացքում նաև պատրաստել: Իմ վարելու ընթացքում շոուն է ավելի շատացել:


-Դա նրանից է, որ դուք դաշտին ավելի՞ ծանոթ եք:


-Հնարավոր է: Քանի որ երգիչ-երգչուհիներին, արտիստներին գործի բերումով ավելի լավ եմ ճանաչում և կարող եմ ասել, որ այդ ճանաչումը շատ պիտանի եղավ: Չնայած չեմ համեմատում, ես շատ հավանում էի նաև Արա Ղազարյանի վարած եթերաշրջանը:


-Հնարավո՞ր է՝ այս ընթացքում համագործակցություններ այլ հեռուստաալիքների հետ:


-«Շանթ» հեռուստաընկերությունում այժմ «Պրեմիերա» ծրագրում ժյուրիի անդամ եմ և եթե սկսվի տոնական «Միլիոնատերները», էլի շատ հնարավոր է՝ լինեմ հաղորդավարի դերում:


-Այսինքն՝ Հանրայինով չե՞ք սահմանափակվի:


-Ոչ: Օրինակ «Շանթի» հետ համագործակցությունը չի էլ դադարել:


-Հանրայինում տեղի ունեցած փոփոխություններն ինչպե՞ս կգնահատեք:


-Շատ կարևորում եմ երիտասարդ շնչի և, ընդհանրապես, Հանրայինի նոր վիճակը: Ինձ շատ ուրախացնում է այս փաստը: Շատ հարմարավետ է դարձել հաղորդավարի համար այստեղ աշխատել' սկսած մանրուքներից մինչև մեծ փոփոխություններ, նպաստում են դրան:


-Հանրությանը հայտնի անձանց մասին խոսակցություններ շատ են լինում, թե՛ դրական, թե՛ բացասական. եղե՞լ է մի քննադատություն, որը Ձեզ մտածելու տեղիք է տվել:


-Տարիների ընթացքում բթանում է նեգատիվին ռեակցիա տալու ունակությունը, ու սկսում ես ավելի հավասարակշռված մոտենալ այդ ամենին: Եթե համեմատեմ տարիներ առաջ իմ հասցեին հնչած բացասական մեկնաբանությանն իմ վերաբերմունքը՝ շատ ավելի սուր էի տանում, զգացմունքային, հոգիս խառնվում էր, իսկ հիմա շատ ավելի հանգիստ ու նորմալ եմ մոտենում այս հարցին: Ես հիմնականում սովորել եմ դրականով ուրախանալ և դրականից լիցքեր քաղել: Կոնստրուկտիվ ու օբեկտիվ քննադատություն ընդունում եմ և դրանից փորձում եմ օգուտ քաղել: Ընդունում եմ հատկապես մեծ գործընկերներից՝ այն մարդկանցից, ովքեր բանիմաց են և չեն քննադատում պարզապես քննադատելու համար: Այդպիսի քննադատությունը զարգացնում է:


-Ինչպես բնորոշ է մեր հասարակությանը' սկսելու են խոսակցություններ, որ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարության հետ խնդիրներ եք ունեցել և դրա համար էլ տեղափոխվել եք Առաջին ալիք: Միանգամից անդրադառնանք այս հարցին…


-Միանգամից վերջ տանք այս հարցին: Ես բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ «Շանթ» հեռուստաընկերության անձնակազմի հետ: Սա այն հեռուստաալիքն է, որտեղ երկար տարիներ աշխատել եմ և շարունակում եմ աշխատել:


-Ձեր սիրելիին ուրախացնում է այն փաստը, որ հաղորդումը խոհանոցի հետ կապ ունի. կսովորե՞ք նոր բաղադրատոմսեր, որոնք հնարավոր է մի օր պատրաստեք նրա համար:


-Ինձ թվում է՝ ոչ, քանի որ միևնույն է կյանքում պատրաստել չեմ կարողանում և չեմ սիրում:


Ամենասիրելի ուտեստ… հարիսա


Ամենաչսիրած սնունդը… պանիր


Վերջին ուտեստը, որ պատրաստել եք…«Համեղ մենամարտի» ժամանակ... օգնել եմ պատրաստել, բայց չեմ հիշում ինչ:


Այն, ինչ չեք կերել, բայց շատ եք ուզում փորձել… կրկին պանիրն է, ինչ երբեք չեմ փորձել, բայց շատ կուզեի փորձել: Հատկապես, երբ այդքան շատ տեսականի կա:


Խոհանոցը Ձեզ համար… Դեռևս պարզապես տաղավար…

 

Զրուցեց Լիա Թահմազյանը