2013 թվականի վերջին ամսում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան: Մյուզիքլը մեծ արձագանք ունենալով' բազմաթիվ հանդիսատեսների ցանկությամբ շարունակվեց ցուցադրվել: Այն ժամանակակից երիտասարդների մասին լինելով' նվիրված է Սայաթ-Նովայի 300-ամյակին. սյուժեի հիմքում աշուղի սիրո պատմությունն է:

 

Գլխավոր հերոսը` Հարություն Սայադյանը, ով կրում է Սայաթ-Նովայի իրական անուն-ազգանունը, երաժիշտ է և ցանկանում է իր «Նռան գույնը» խմբի հետ մասնակցել Հայաստանում անցկացվող «Նոյան Տապան» միջազգային երաժշտական մրցույթին: Նա սիրահարվում է բանկի կառավարիչի աղջկան: Նրանց միությունը փորձում են խոչնդոտել, և հերոսը սիրո կամրջի վրա հանդիպում է աշուղին, ով էլ նրան քաջալերում է' պայքարել հանուն սիրո: Եվ իհարկե, ամեն ինչ ավարտվում է սիրո հաղթանակով:

 

Մեկ ու կես ժամ տևող մյուզիքլում համադրված են գեղեցիկ երգը, պարային հիանալի շոուն և թատերական խաղը: Ներկայացումն աչքի է ընկնում նաև գեղեցիկ ու հետաքրքիր դեկորներով, ձայնային էֆեկտներով, դինամիկ ռիթմով: Հնչում է տարբեր ոճի երաժշտություն' փոփ, ռոք, աշուղական: Ուշագրավ է նաև այն փաստը, որ ներկայացման մեջ ներառվել են “The Beautified Project” ռոք խմբի տղաներն, ովքեր հանդիսատեսի ոգևորությունը կրկնապատկում են իրենց ելույթով: Հնչում են նաև Սայաթ-Նովայի երգերի մեղեդիները, իսկ վերջում բոլորը կատարում են «Չկա քիզի նման» երգը:

 

Գլխավոր հերոսին մարմնավորում է Վլադիմիր Բարխոյանը: Նրա սիրելի աղջկա' Աննայի կերպարը երկու դերակատար ունի. կան օրեր, երբ հանդես է եկել Սոնա Ռուբենյանը, և կան օրեր, երբ գլխավոր դերակատարուհին եղել է Մարտա Կիրակոսյանը: Դերասանական կազմում ընդգրկված են Նարեկ Բավեյանը, Անի Լուպեն, Ռադիկ Գաբրիելյանը, Հակոբ Խալաթյանը, Սուրեն Առուստամյանը, Ֆրեդ Դավթյանը, Արման Մարգարյանը և այլք:

 

Մյուզիքլի բեմադրող ռեժիսորը Վահան Բադալյանն է, սցենարի հեղինակները Հակոբ Ռուբինյանն ու Վահրամ Սահակյանը, բեմադրող պարուսույցը' Ռուսաստանից հրավիրված Վալերի Արխիպովը, երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Էմմա Ասատրյանը, Քրիստ Մանարյանը և Արա Թորոսյանը` Մուրզոն:

Նշենք նաև, որ գլխավոր դերակատարները, չունենալով դերասանական կրթություն, խնդրին հիանալի լուծում էին տվել, և դրան էլ հավելած պարային հզոր և գեղեցիկ աջակցությունը` ստացվել է հիանալի աշխատանք:

 

Նախագիծն իրականացրել են «Շարմ հոլդինգը» և «Արտ թիմ» ընկերությունը:

Լիա Թահմազյան