Բոլոր աղջիկների նման դու ինքդ էլ հակված ես փորփրելու ու վերլուծելու սիրային հարաբերություններդ մինչև կյանքիդ վերջին օրերը: Այնքան էլ լավ զբաղմունք չէ:

 

Գուշակություններ անելուց ու ինքնակեղեքումից քեզ փրկելու համար փորձագետներին խնդրեցինք ուղիղ, իսկապես ուղիղ պատասխանել կին-տղամարդ հարաբերություններին առնչվող ամենատարածված հարցերին:


Ըստ Մինա Ազոդիի


1. Ժամադրությունից 4 օր է անցել, իսկ նա դեռ չի զանգել ինձ: Մի՞թե նա հետաքրքրված չէ ինձնով: Գուցե: Էլ-նամակ ուղարկիր նրան և ասա, որ հրաշալի ժամանակ անցկացրիր: Եթե այդ «խայծը» կուլ չտա, մտովի պատրաստվիր մոռանալ նրան և առաջ շարժվել:

 

2. Ի՞նչ անեմ, որ ամուսնուս փոքրիկ տարօրինակությունները չնյարդայնացնեն ինձ: Կենտրոնացիր մեդալի հակառակ կողմի վրա: Օրինակ՝ եթե նա ցրված է, ուրախ եղիր, որ պասիվ է և ագրեսիվ չէ քո նկատմամբ:

 

3. Ինչո՞ւ ամեն անգամ, երբ ես հաղորդագրություն եմ թողնում նրա հեռախոսին, նա ինձ միշտ պատասխանում է ընդամենը SMS-ով: Տղամարդիկ ձգտում են ամեն ինչ «արագ» անել, և հետևաբար, նրանց կարծիքով՝ դա քեզ հետ հաղորդակցվելու լավագույն տարբերակն է:

 

4. Ե՞րբ կարող եմ սկսել իմ իրերից որոշ բաներ թողնել նրա բնակարանում: Երբ մի քանի գիշեր շարունակ մնում ես նրա մոտ: Սկսիր փոքրիկ իրերից... օրինակ՝ ատամի խոզանակից:

 

5. Ինձ թվում է, որ ընկերները վատ ազդեցություն ունեն նրա վրա: Ի՞նչ կարող եմ անել: Ոչ մի բան: Տղամարդիկ լոյալ են իրենց ընկերների հանդեպ: Կարևորը՝ նրա վարքը չփոխվի նրանց ներկայությամբ:

 

6. Կարևո՞ր է, որ ես լավ հարաբերություններ ունենամ սկեսրոջս հետ: Դա կենսական կարևորություն ունի: Բայց մի՛ փորձիր դառնալ նրա ամենամտերիմ ընկերուհին. պարզապես սիրալիր և հարգալից լինելը բավական է:

 

7. Նա երբեք ոչինչ չի պլանավորում: Ինչպե՞ս ստիպեմ նրան ինչ-որ բան ձեռնարկել: Հրավիրիր նրան մի այնպիսի ժամադրության, որը նրա սրտով կլինի, օրինակ՝ որևէ սպորտային իրադարձության: Այնուհետև առաջարկիր, որ երեկոները դրսում անցկացնելը կազմակերպեք հերթով:

 

8. Արդեն հինգ տարի է, ինչ հանդիպում ենք, և նա դեռևս առաջարկություն չի արել ինձ: Սա վա՞տ նշան է: Ոչ միշտ: Քանի դեռ չես հասկացրել, թե երբ ես ակնկալում այդ մատանին, նա կենթադրի, որ ստատուս քվոն քեզ համար նորմալ և ընդունելի է:

 

9. Նա շարունակում է ժամանակ առ ժամանակ տեսնվել իր նախկինի հետ: Արժե՞ անհանգստանալ: Ո՛չ, քանի դեռ այդ հանդիպումներին նա քեզ էլ է տանում իր հետ:

 

10. Արդյո՞ք պետք է ձևացնեմ, թե «անմատչելի» եմ, եթե մենք արդեն մի քանի տարի է՝ հանդիպում ենք: Երբեմն: Դա պահպանում է խորհրդավորության զգացումը, և դու շարունակում ես ցանկալի մնալ նրա համար:

 

11. Նա երբեք չի ընդունում իր սխալը: Ինչպե՞ս կարող եմ փոխել դա: Կատակի տալով՝ գրազ արի նրա հետ. օրինակ՝ ճիշտ պատասխան տալու դեպքում պատրաստ ես մերսել նրա պարանոցը: Այդպես նա ստիպված կլինի խոստովանել:

 

12. Երբ նրա կարծիքն եմ հարցնում հարսանիքի ծրագրերի մասին, պատասխանում է՝ կարևոր չէ: Ինչո՞ւ: Նրա համար այդ պատմական օրը կարևոր է. պարզապես նա չի սևեռվում այնպիսի դետալների վրա, ինչպիսին, ասենք, տարոսիկի դիզայնն է:

 

13. Ինչպե՞ս սկսեմ տղայի հետ ծանոթությունը: «Ողջույն, իմ անունը ..... է»: Այնուհետև որևէ հաճոյախոսություն արա նրա հասցեին. օրինակ՝ գովիր նրա հագած վերնաշապիկի գույնը:

 

14. Մայրիկս նրան չի հավանում: Արդյո՞ք ես պետք է հետևեմ մորս խորհրդին: Եթե մայրիկիդ կարծիքը համընկնում է քո լավագույն ընկերուհու, եղբոր կամ գործընկերոջ տեսակետին, ուրեմն՝ այո՛:

 

15. Մեր աշխատանքային գրաֆիկները հակասության մեջ են: Արդյո՞ք մենք դատապարտված ենք: Ո՛չ: Եթե առավելագույնս օգտագործեք միասին անցկացվող ժամանակը, դա բավական է՝ միմյանց ցույց տալու, թե որքան եք նվիրված մեկդ մյուսին:

 

16. Ես համալսարան եմ ավարտել, իսկ նա՝ ոչ: Հույս կա՞, որ մեզ մոտ մի բան կստացվի: Եթե հիանում ես նրա խելքով և եռանդով, ապա դիպլոմ կամ գիտական կոչում չունենալը ոչ մի նշանակություն չունի:

 

17. Ինչպե՞ս դուրս գամ «սեքսուալ երաշտի» վիճակից: Խնդրիր քո մտերիմ ընկերներին քեզ ծանոթացնել որևէ երիտասարդի հետ:

 

18. Նա ուզում է, որ մենք ամուսնանանք, իսկ ես չեմ շտապում: Սակայն ես նրան սիրում եմ: Ի՞նչ անեմ: Ներկայացրու նրան այն ժամանակացույցը, որը քեզ համար ցանկալի է, որպեսզի սիրելիդ իմանա, որ ապագայի հետ կապված քո ծրագրերը լուրջ են:

 

19. Իմ կարծիքով՝ նա չափազանց հաճախ է մասնակցում խնջույքների: Շարունակե՞մ նրա կողքին մնալ, թե՞ լքեմ: Ասա նրան, որ քեզ ավելի շատ դուր են գալիս երեկոներն անցկացնելու պակաս աղմկոտ և ավելի զուսպ ձևերը: Եթե նա չընտրի ավելի հանգիստ կենսակերպ, ուրեմն սխալ տղա ես ընտրել:

 

20. Արդյո՞ք վերջնագրերը կարող են ազդեցություն ունենալ: Կարող են: Բայց վերջնագիր ներկայացրու միայն այն դեպքում, եթե համոզված ես, որ հետ չես կանգնելու ու մինչև վերջ գնալու ես:

 

21. Միշտ ստուգում եմ ամուսնուս Facebook-ի էջը: Դա նորմա՞լ է: Ո՛չ: Դու ապրում ես այդ մարդու հետ. արդյո՞ք իսկապես կարիք ունես մշտապես կարդալու նրա «ստատուսները»:

 

22. Նորմա՞լ է, եթե հարցեր տամ նրա նախկին ընկերուհու մասին: Այո՛, բայց միայն տարրական բաներ. օրինակ՝ որքա՞ն է տևել նրանց կապը:

 

23. Արդյո՞ք տղաները ձևացնում են, թե «անմատչելի» են: Ոչ այնքան: Երբ տղամարդն իրեն պահում է այնպես, ասես հետաքրքրված չէ, սովորաբար դա այդպես էլ կա:

 

24. Արդյո՞ք կարող է ապագա ունենալ միայն սեռական հարաբերությունների վրա հիմնված կապը: Այո՛, բայց երբ տվյալ անձի մոտ զգացմունքներ առաջանան, իսկ սովորաբար այդպես էլ լինում է: Դու պետք է կա՛մ սկսես ընկերություն անել նրա հետ, կա՛մ խզես ձեր կապը:

 

25. Ինչպե՞ս հասկանամ՝ ինձ ավելի շատ նրա հետ սեքսն է դուր գալիս, թե՞ նա ինքը: Եթե դու նրան SMS ես ուղարկում միայն կեսգիշերից մինչև վաղ առավոտ ընկած ժամանակահատվածում, ուրեմն առաջին տարբերակն է:

 

Շարունակությունը՝ այստեղ: