Գիրք նվիրելու օրվա շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը հարստացավ Չինաստանին վերաբերող գրքերով: Չինական գրականությամբ, պատմությամբ և լեզվով հետաքրքրվողներն այսուհետ հնարավորություն կունենան գրադարանի նորաստեղծ չինական գրականության անկյունում գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրենց: Անկյունում կարելի է գտնել նաև հայերեն դասագրքեր, որոնք ցանկացողներին հնարավորություն կընձեռեն ուսումնասիրել չինարեն ' ավելի մատչելի եղանակով:

«Չինացիները խոր փիլիսոփայություն ունեցող իմաստուն ազգ են: Դժբախտաբար Հայաստանում մենք շատ քիչ գրքեր ունենք նրանց մասին: Նման կենտրոնի բացումը մեծապես կօգնի, որ մեր երիտասարդները տիրապետեն չինարենին, հասկանան չինական մշակույթը, փիլիսոփայությունը: Շատ ավելի կդյուրանա կապը Չինաստանի հետ, որն աշխարհի հզորագույն երկրներից մեկն է: Համագործակցությունը շարունակվելու է» ,- նշեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը մի քանի տասնյակ գրքեր նվիրեց նորաստեղծ անկյանը: Նվիրաբերված գրքերի շարքում էին նաև ինստիտուտի հրատարակած հայալեզու դասագրքերը, որոնք հնարավորություն են ընձեռում հայ երիտասարդին նաև ինքնուրույն սովորել չինարեն:

Չինաստանի դեսպանատան խորհրդական Լո Շիսյունը տպավորված էր'տեսնելով այդ գրքերը: «Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել կենտրոնի բացման արարողությանը: Ինձ շատ է ուրախացնում, որ այս կենտրոնում ներկայացվելու են չինական գրքերը, որոնք կօգնեն մեր հայ ընկերներին իմանալ Չինաստանի մասին: Սա շատ օգտակար է: Այս պահին մեր երկու երկրները շատ լավ հարաբերություններ ունեն, դրանք շատ բարձր մակարդակի են բոլոր ասպարեզներում»,- ընդգծեց Լո Շիսյունը:

Ազգային գրադարանի տնօրենը Շիսյունին նվիրեց Հայ գրատպության 500-ամյակի առթիվ ստեղծված հուշանվեր:

Հայ-չինական պետական շփումների սկիզբը դրվել է 1991թ. դեկտեմբերի 27-ին ՉԺՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտոնական ճանաչումից հետո: Դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև հաստատվել են 1992թ. ապրիլի 6-ին:

Անկյունում հնարավոր է գտնել նաև հայերեն դասագրքեր, որոնք ցանկացողներին հնարավորություն կընձեռեն ուսումնասիրել չինարեն:

Ազգային գրադարան, Չինաստան, չինական անկյուն, Կոնֆուցիոսի ինստիտուտ, ԵՊԼՀ, Տիգրան Զարգարյան