Մայրաքաղաքի գրախանութները և հրատարակչությունները պատրաստվում են փետրվարի 19-ին տարատեսակ միջոցառումներով տոնել Գիրք նվիրելու օրը: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն ավանդաբար նշվող գրքի տոնին այս տարի տարբեր հրատարակիչների նախաձեռնությամբ կբաժանվեն անվճար գրքեր, կկազմակերպվեն գրականության կարևորությանը վերաբերող մի շարք միջոցառումներ:
«Անտարես» հրատարակչությունը փետրվարի 19-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից գրքի տաղավարում նախատեսում է ամփոփել վերջին շրջանում իրականացրած ֆեյսբուքյան ակցիան:
«Մեր ֆեյսբուքյան էջում մենք տեղադրել էինք տարբեր տեսակի գրքեր' մանկական, հայ և համաշխարհային, Ժամանակակից հայ գրականության նմուշներ, ինչպես նաև գիտական աշխատություններ ամփոփող գործեր, որոնք սոցիալական կայքի օգտատերերը կարող էին տեղադրել իրենց էջերում, հավաքել համապատասխան քանակով հավանություններ (like) և ստանալ դրանք որպես նվեր: Այս տարի նրանք պետք է հավաքեին 500 հավանություն' գիրքը նվեր ստանալու համար: Ակնկալում ենք, որ վաղը բավականին մեծ հերթ կառաջանա, մարդիկ կգան ստանալու իրենց նվեր-գրքերը: Մենք այնպես ենք արել, որ գրքի հերթ լինի»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:
«Անտարեսը» մարդկանց կնվիրի 200 գիրք, բացի այդ որոշակի քանակով գրքեր կվաճառվեն տոնական զեղչով: Նիկողոսյանն ընդգծեց, որ տարբեր գրախանութներ տարբեր միջոցառումներ են իրականացնելու գրքի տոնի առիթով: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ևս ֆեյսբուքյան ակցիա է կազմակերպել, որի արդյունքում մի շարք գրքեր կնվիրի ընթերցասերներին:
«Բյուրոկրատ» գրախանութը ևս ակցիա է պատրաստել: Նախապես հարցեր են տրվել ֆեսբուքում, և պատասխանողները նվեր գիրք կստանան:
«Հայ գիրք» գրախանութների ցանցում երեք գիրք գնելու դեպքում ընթերցողները հնարավորություն կունենան ստանալ ևս մեկը նվեր:
Արքմենիկ Նիկողոսյանն ընդգծեց, որ «Բուկինիստը» փետրվարի 19-ի իր յուրաքանչյուր գնորդին կտրամադրի նվեր-գիրք, ինչպես նաև զեղչի քարտ: Գրախանութում կկազմակերպվի նաև գրքերի խաղարկություն: Մարդկանց հարցեր կտան տարբեր գրքերից և կնվիրեն դրանք նրանց: Նախատեսված է անցկացնել նաև «Իմ ամենասիրելի գիրքը» խորագրով լուսանկարների մրցույթ:
«Զանգակ» հրատարակչությունը ևս անակնկալներ է պատրաստել իր գնորդների համար: Ցանկացած գնորդի տրամադրվում է ևս մեկ գիրք, որն այս գնորդն իր մակագրությամբ կնվիրի այլ մարդու:
«Ամեն գրախանութ մտածել է իր տարբերակը: Մարդիկ իրենց անձնական նախաձեռնությամբ ևս տարբեր բաներ կկազմակերպեն: Ուրախալի է, որ միմյանց գրքեր կնվիրեն»,-եզրափակեց Նիկողոսյանը:
ՀՀ Գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը' փետրվարի 19-ը, արդեն 6-րդ տարին նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի առթիվ ամեն տարի կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: