Life.panorama.am-ը գրում է.


Երեխաների «սարսափ պատմությունները», որքան էլ, որ ձեզ անիմաստ և ծիծաղելի թվան, չի կարելի անուշադրության մատնել:

Մանկական հասակի վախերը հիմք են դառնում հասուն կյանքի նևրոզների համար: Երբեք չի կարելի է ծիծաղել երեխաների վախերի վրա, մեղադրել ստախոսության և վախկոտության մեջ: Գոյություն չունեցող հրեշները երեխաների համար լրիվ իրական են: Փորձեք թուլացնել լարվածությունը: Քնելուց առաջ երեխայի հետ շրջեք տան սենյակի բոլոր մութ անկյուններով, լուսավորեք դրանք և համոզվեք, որ այնտեղ հրեշներ չկան: Գիշերը կարող եք միացված թողնել թույլ գիշերային լամպ:

Երեխային առաջարկեք, որ իր հետ քնեցնի սիրելի խաղալիքին՝ որպես իր պաշտպան: Խնդրեք, որ նկարի այն, ինչից վախենում է, ապա հարցրեք, թե ինչու՞ է այդ հրեշը չարացել, ո՞վ է նրան նեղացրել, ի՞նչ կարելի է անել, որ նա բարիանա և սարսափելի չլինի: Այդպիսով միանգամից երկու խնդիր կլուծեք. վերլուծել վախի պատճառները և հասկանալ, որ վախենալու առիթ չկա: Բարի հեքիաթներ ընթերցեք երեխաների համար:

Իսկ աղետների, մարդասպանությունների, տառապող երեխաների մասին հեռուստատեսային նյութերը կարող են լրջորեն վախեցնել երեխաներին. նրանք իրենց ասոցացնում են էկրանին ցուցադրվող մարդկանց հետ: