Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ապաքինվելու համար «Ռուսֆոնդ» կազմակերպության շնորհիվ հավաքված գումարի' ավելի քան 68 միլիոն ռուբլու 30 միլիոն ռուբլին կուղղվի ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով pravmir.ru կայքը, բարեգործական կազմակերպության նախագահ Լև Ամբինդերը պաշտոնապես հայտարարել է, որ Ֆրիսկեի ապաքինման համար հավաքված գումարի մի մասը կուղղվի ոչ միայն Ռուսաստանի, այլև' Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ուռուցքաբանական կլինիկաներում բուժում ստացող ութ երեխաների բուժման ծախսերը հոգալուն:
Գլխուղեղի չորրորդ աստիճանի քաղցկեղով տառապող Ժաննա Ֆրիսկեն բուժում է ստանում Նյու Յորքի ամենալավ մասնագիտացած կլինիկաներից մեկում' Memorial Sloan-Kettering կենտրոնում: Նա այժմ անցնում է ճառագայթային թերապիայի փուլեր: Երգչուհու կողքին են նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևը, մոտ ընկերուհի, երգչուհի Օլգա Օռլովան, ով հատուկ ժամանել է ԱՄՆ' ընկերուհուն սատարելու համար:
Երկու շաբաթ առաջ երգչուհու քաղաքացիական ամուսինը' հաղորդավար Դմիտրի Շեպելևը խոստովանել էր, որ Ֆրիսկեն ծանր հիվանդությամբ է տառապում: Ավելի ուշ պարզվել է, որ Ֆրիսկեն տառապում է գլխուղեղի չորրորդ աստիճանի քաղցկեղով: Հայտարարությունից ամիջապես հետո Ռուսաստանի Առաջին ալիքը սկսեց երգչուհու բուժման համար գումարների հավաքագրման աշխատանքները: Երգչուհին այս գումարները հնարավորություն կունենա ստանալ միայն ապրիլին: Չնայած առողջական ծանր վիճակին' երգչուհին շնոհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնում են իրեն պայքարել հիվանդության դեմ: