Թիթեռի կյանք ունեցող մի հիթի երգիչ-երգչուհիներին չէի անդրադառնա, եթե շոու բիզնեսն անդունդի եզրին չլիներ: Միօրինակ, ցածրորակ կրկնօրինակումներով, տխրահռչակ երգերով ներկայացող «աստղերը» տեղի են տալիս: Այսօր հասարակությունը մերժում է նրանց: Անգամ համերգային ծրագրերը, որոնք ժամանակին կազմակերպվում էին ամեն պատեհ-անպատեհ առիթով, այսօր տարին մեկ էլ չեն կազմակերպվում. հավաքական համերգներն այլևս պատմություն են, իսկ մենահամերգները... Դրանց մեծ մասը դատապարտված է անհաջողության: Սա ինձ համար շատ ուրախալի կլիներ, եթե հանրության ուշադրության «սլաքները» չուղղվեին դեպի ավելի ցածրորակ մի արտադրանք՝ սերիալներ (համենայն դեպս մեր երկրում հազիվ թե գտնվի գոնե մեկ որակյալ հեռուստանովել):
Երգիչ-երգչուհիների նկատմամբ հետաքրքրության նվազումն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ ունի: Այս հրապարակմամբ փորձենք վեր հանել ոլորտի բոլոր խնդիրներն ու ցույց տալ հայկական շոու բիզնեսի իրական պատկերը:
Տապալված համերգներ
Տարիներ առաջ հաջող մենահամերգներ են ունեցել Սիլվա Հակոբյանը, ՀՏ Հայկոն, Անդրեն (Անդրեն երկու մենահամերգ է ունեցել լեփ-լեցուն դահլիճով), Արսեն Սաֆարյանը, Արմենչիկը, Թաթան, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Անդին և այլք: 2011-ի տարեվերջին մենահամերգներ ունեցան Մարտին Մկրտչյանն ու Արամեն: Մարտինի համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, Արամեինը' բիծ թեղեց երգչի կարիերայի վրա: Թեև, որպես չստացված մենահամերգ, մինչ օրս ամենաաղմկահարույցն Արամեի համերգն էր, փաստ է, որ դա ձախողված միակ համերգը չէր: Այս տարի կիսադատարկ էր անգամ մեր շոուի բիզնեսի արքայադստեր կոչմանն արժանացած Սիրուշոյի և «Եվրատեսիլ 2013»-ի հայաստանցի ներկայացուցիչ «Դորիանսի» համատեղ համերգի դահլիճը: Համերգին ներկաներից շատերը փաստում էին, որ հրավիրատոմսով են եկել: Նույն թակարդում էր հայտնվել նաև ամերիկաբնակ երգիչ Արմենչիկը. նրա բարեգործական մենահամերգի տոմսերի մեծ մասը կազմակերպիչները ստիպված նվիրել են' որպես հրավիրատոմս, ինչը չէր վրիպել մամուլի ներկայացուցիչների աչքից: Եթե ժամանակին սիրելի երգչի մենահամերգին մասնակցելու էին գալիս անգամ մարզերից, այժմ երևանցիներն էլ չեն շտապում մասնակցել դրանց:
Շարունակությունը՝ այստեղ: