Երկուշաբթի՝ հունվարի 20-ին, «Արմենիա-TV» հեռուստաալիքի «Բարի լույս» ծրագրի շրջանակում կկայանա Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան՝ հայ աստղերի կատարմամբ: Երաժշտության հեղինակը երգիչ Մարտ Բաբայանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Մարտ Բաբայանը, Արմենչիկը, Քրիստինե Պեպելյանը, Մհերը, Արամեն, Սոնան եւ այլք նոր երգով եւս մեկ անգամ կհիշեն իրենց եղբորն ու ընկերոջը՝ Մարկ Սաղաթելյանին:
«Երկնքում հրեշտակները թող քեզ երգեն երգը… այն մասին, որ կա հավերժ հոգիդ, հուշերում ապրող… այն մեզ չի լքի»,- երգելու են աստղերը:
Այս տարի Մարկը պատրաստվում էր նշել տարեդարձը, քանի որ վթարի ենթարկվելուց հետո սկսել էր բոլորովին այլ կերպ նայել կյանքին:
Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու փոխանցմամբ՝ Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով:
Մարկն այդ գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր: Մարկ Սաղաթելյանի մասին հիշողությունները միշտ վառ կմնան յուրաքանչյուրիս սրտում, քանի որ նա այն մարդկանցից էր, ում յուրաքանչյուրս համարում էինք մեր ընտանիքի անդամ, մեր ընկեր ու բարեկամ: