Յուրաքանչյուրն ունի սոցիալական ցանցերում գրանցման իր պատճառները. ոմանք փորձում են գտնել հին ընկերներին ու ծանոթներին, մյուսները երազում են վերականգնել նախկին հարաբերությունները, ինչ-որ մեկի համար էլ դա ուղղակի կապ պաշտպանելու և նոր ծանոթություններ ձեռք բերելու հարմար միջոց է: Սոցիալական ցանցերի պահանջարկն աճում է օրեցօր՝ իր գիրկը ներքաշելով ավելի ու ավելի ամենատարբեր տարիքային կատեգորիայի մարդկանց:

Ցանցային աղբյուրները չի կարելի ամբողջապես գնահատել որպես դրական կամ բացասական: Մի կողմից այն շատ հեշտացնում է ժամանակակից մարդու կյանքը, սակայն ամենքը չէ, որ գիտակցում են վտանգի այն աստիճանը, որ իր մեջ կրում է օնլայն-շփումը:

 

Ամենագլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ շատ մարդիկ ամբողջական կախվածություն են ձեռք բերում սոցիալական ցանցից և այլևս չեն կարողանում իրենց կյանքը պատկերացնել առանց դրա:

Ինտերնետ-շփումից առավել մեծ կախվածության են ենթակա բավական ձանձրալի կենսակերպ ունեցող մարդիկ: Ցանցերի միջոցով նրանք բարձրացնում են իրենց ինքնագնահատականը՝ փորձելով էջում ներկայացրած տեղեկությունը որպես իրականություն մատուցել: Ոմանք այնքան են հավատում իրենց ստեղծած կերպարին, որ սկսում են խուսափել անձնական հանդիպումներից ու շփումից՝ իրենց մասին ստեղծած կարծիքը չխեղաթյուրելու համար:

 

Եվ այսպես, եթե.

- Անընդհատ առաջանում է մուտքային նամակները ստուգելու կպչուն պահանջմունք՝ իմանալով անգամ, որ ոչ ոք չպետք է գրեր: Դուք միևնույնն է ձգտում եք միացնել համակարգիչն ու ստուգել դա: Հնարավոր է, որ Դուք ընդհանրապես միշտ գտնվում եք օնլայն՝ անգամ գիշերը չանջատելով համակարգիչը, որպեսզի հանկարծ բաց չթողնեք հետաքրքիր որևէ բան:

- Դուք չափազանց շատ ժամանակ եք անցկացնում Ձեր մոնիտորի առջև և ամեն անգամ սոցիալական ցանց մտնելիս ինքներդ Ձեզ համոզում եք, որ դա կտևի ընդամենը երկու րոպե, սակայն արդյունքում սարսափով պարզում եք, որ օրվա կեսն անցել է:

 

- Ձեր էջում կարգավիճակը (ստատուս) թարմացնելու, Ձեր ամեն մի նոր քայլն ընկերների հետ քննարկելու, ամենուրեք լուսանկարվելու և ավելի հաճախ նոր լուսանկարներ տեղադրելու սուր ցանկություն եք զգում: Ձեզ համար կարևոր է, թե օրվա ընթացքում քանի մարդ է այցելել Ձեր էջ և ինչպես են նրանք մեկնաբանել Ձեր թարմացումները:

- Ընկերների հետ ողջ շփումը տեղի է ունենում սոցիալական ցանցով, Դուք արդեն մոռացել եք, թե երբ եք նրանց տեսել վերջին անգամ:

- Տարբեր խաղեր խաղալն առօրյա մյուս գործերի լավ այլընտրանք է հանդիսանում, Ձեզ կլանում է այդ գործընթացը, Ձեզ համար կարևոր է ավելի շատ մակարդակներ անցնել և բարձրացնել վարկանիշը:

 

- Դուք սարսափելի զայրանում եք, եթե ինչ-որ պատճառով չեք կարողանում մտնել սոցիալական ցանցում Ձեր էջ: Դուք կարծես կտրվում եք արտաքին աշխարհից:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Դուք միանշանակ տևական կախվածություն ունեք սոցիալական աղբյուրներից: Սակայն անգամ եթե Ձեզ մոտ հայտնաբերել եք բոլոր այս նախանշանները, մի՛ վհատվեք, Դուք միշտ էլ ժամանակ ունեք Ձեզ հավաքելու, պետք է միայն ժամանակին հասցնել ասել :Կա՛նգ առ: