Անձնական դետեկտիվը, ով հետաքննություն էր անցկացնում Ուիթնի Հյուսթոնի մահվան հանգամանքները պարզելու համար, հայտարարել է, որ հայտնի երգչուհին հնարավոր է սպանված լինի նարկոդիլլերների պատվերով' 1,5 մլն ԱՄՆ դոլար պարտքի պատճառով:
48-ամյա Հյուսթոնի մարմինը գտել էին փետրվար ամսին, Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցի լոգարանում: Հետքաննությունը պարզել էր, որ երգչուհին պատահաբար խեղդվել էր:
Որպես մահվան պատճառ փորձագետները նշել էին նաև աթերոսկլերոտիկ սրտային հիվանդությունը և թմրանյութերի օգտագործումը:
Դետեկտիվ Պոլ Հուեբլը հավաստիացնում է, որ իր մոտ տեսաձայնագրություն է հայտնվել, որում երկու տղամարդ պարբերաբար այցելում էին Հյուսթոնին Beverly Hilton-ում և կազմել էին նրա շրջապատի մի մասը:
Դետեկտիվը ենթադրում է, որ հենց այդ մարդիկ էլ կարող էին երգչուհուն սպանել: Բացի այդ, Հյուսթոնի մարմնի վրայի կապտուկները վկայում են, որ մինչև երգչուհու մահը վեճ է եղել:
Հուեբլը նաև նշում է, որ իր հավաքած փաստերը չեն համարվում բավարար ապացույցներ այն մասին, որ Հյուսթոնին իսկապես սպանել են: Սակայն դրանք կարող են հիմք դառնալ կրկնակի հետաքննության համար: Ներկայում այդ նյութերը փոխանցվել են Հետաքննության դաշնային բյուրո՝ քննության: