Մարդու օրգանիզմում չկա մի այնպիսի օրգան, որը չտուժի ալկոհոլից: Սակայն նյարդային համակարգն ալկոհոլի հանդեպ խիստ զգայուն է: Եթե ալկոհոլի խտությունն արյան մեջ ընդունենք 1 միավոր, ապա լյարդում այն կկազմի' 1.45, ողնուղեղում' 1.50, իսկ ուղեղում' 1.75 միավոր:
Ալկոհոլի մշտական գործածության դեպքում առաջանում են քնի, ախորժակի, ծայրանդամների ֆունկցիայի խանգարումներ (պարեզներ, պարալիզներ), ցնցումային նոպաներ, ուղեղի թաղանթների գրգռման երևույթներ, քայլվածքի շեղումներ: Ընդ որում' նյարդային համակարգի խանգարումները կրում են ոչ թե բորբոքային, այլ դեգեներատիվ-դեստրուկտիվ բնույթև:
Ալկոհոլային ծագման պոլինեւրոպաթիաների ժամանակ առաջին հերթին տուժում են մեծ եւ փոքր ոլոքային նյարդերի ֆունկցիաները: Դրանցից առաջինի բորբոքումների ժամանակ նկատվում է ոտնաթաթի ներբանի եւ մատների ծալման ֆունկցիաների անբավարարություն, ոտնաթաթը թուլանում է, կախվում, թեքվում դեպի ներս:
Փոքր ոլոքային բորբոքումների դեպքում ոտնաթաթը եւ ոտքի մատները ծալվում են դեպի վեր: Որպեսզի քայլելիս հիվանդը ոտքի մատները հատակին չխփի, ստիպված քայլում է ոտնաթաթը չափից ավելի բարձրացնելով' «աքլորի քայլվածքով»: Ոտնաթաթերի ֆունկցիաների երկկողմանի խանգարման ժամանակ հիվանդը սկսում է քայլել ձիու նման:
Այս դեպքում սրունքների եւ ոտնաթաթերի մկանների տոնուսն ընկնում է, հոդերի շարժումները դառնում են պասիվ: Սրունքների, ոտնաթաթերի մաշկի ցավի ու ջերմության զգացողությունը թուլանում է:
Ոչ հազվադեպ շարժողական ու զգայական խանգարումները զուգակցվում են անոթային-վեգետատիվ բնույթի մի շարք այլ խանգարումներով (շատ քրտնարտադրություն, մրսելու զգացում եւ այլն): Ախտահարվում են հիմնականում ողնուղեղային, երբեմն էլ' գանգուղեղային նյարդերը:
Տեսողական նյարդի բորբոքումների ժամանակ տեսողությունը վատանում է, տեսադաշտը' նեղանում:
Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում նաեւ քնի վրա: Սկզբնական շրջանում մարդը կարողանում է քնել միայն այն օգտագործելուց հետո: Հետագայում քունն ավելի է խանգարվում, դառնում ոչ տևական: Հիվանդը հաճախ մղձավանջային երազների պատճառով արթնանում է: Ալկոհոլի տեւական ազդեցության հետևանքով ուղեղի անոթների պատերի թափանցելիությունը բարձրանում է, լյարդի ֆունկցիան, հետևաբար' նյութափոխանակության ողջ ֆունկցիան խանգարվում է և սկսում է զարգանալ հիպերտոնիկ հիվանդություն, ուղեղի անոթների աթերոսկլերոզ:
Եթե նկատի ունենանք, որ մարդու ներքին օրգանների և հոգեկան պրոցեսների նորմալ աշխատանքը պայմանավորված է նրա նյարդային համակարգի նորմալ ֆիզիոլոգիական վիճակով, ապա պարզ կդառնա, որ այդ համակարգի աններդաշնակ և հիվանդագին վիճակն էլ հենց նրա հոգեկան ոլորտի խանգարումների միակ պատճառն է: