Ախ այս ներքին հուզմունքն ու «որովայնի թիթեռնիկները», երբ պատրաստվում ես գնալ առաջին ժամադրության: Որովայնում թիթեռնիկներ են, իսկ մտքում մի հարց' «Ի՞նչ հագնել»: Զգե՞ստ: Շատ տոնական է: Շորտե՞ր: Շատ բաց է: Բարձրակրունկնե՞ր: Բա որ վուլգար լինի: Սպորտային կոշիկնե՞ր: Շատ հասարակ է: Եվ այսպես շարունակ:

 

Բայց իմանալով առաջին ժամադրության կերպարի հինգ ոսկե կանոնները' կսկսես հագնվել ոչ թե ժամադրությունից երկու օր, այլ երկու ժամ առաջ:

 

Եվ այսպես.

 

1. Այն, ինչ կրում ես, պիտի հարմար լինի:

Իսկ դա նշանակում է'

-ՈՉ սուպեր բարձրակրունկներին,

-ՈՉ նոր ու չփորձված հագուստներին (թեկուզ շատ թանկ),

-ՈՉ այնպիսի հագուստին, որ պետք է անընդհատ ուղղել:

 

2. Մի-փոքր հանելուկ թող:

Օրինակ, եթե կիսաշրջազգեստդ մեծ գրգռաճեղք ունի, մի կրիր խորը դեկոլտե, և հակառակը: Եվ ընդհանրապես հագուստը կարող է բավականին փակ լինել, բայց կիպ լինել անհրաժեշտ հատվածներում. թող նա տեսնի կառուցվածքդ և երևակայի, թե ինչ կա հագուստի տակ:

 

3. Հագնվիր համապատասխան:

Ժամադրության «ֆորմատի» մեջ լինելը շատ կարևոր է: Այնպես որ փորձիր պարզել, թե ուր եք գնալու, որպեսզի համապատասխան տեսք ունենաս:

 

4. Կերպարդ պետք է ներդաշնակ լինի:

Ավելի ճիշտ պետք է քեզ ներդաշնակ զգաս կերպարի մեջ: Եթե միշտ ջինսեր ու կեդեր ես կրում, պետք չի կյանքի գնով կրել 16 սմ-անոց բարձրակրունկներ: Պետք է քեզ հարմարավետ զգաս ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Այդպես ավելի անմիջական ու անկաշկանդ կլինես:

 

5.Քեզ հմայիչ զգա:

Սա վերջին, բայց ամենակարևոր կետն է: Ներքին վստահությունը կանի իր գործը, և նա չի կարողանա հեռացնել քեզնից իր հիացած հայացքը:

 

Նյութը` Fashionation