«Հայաստանի ձայնը 2» նախագծի մասնակից Էլեն Աղամալյանը Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում անկեղծորեն պատմեց իր անցած ուղու, ներկայի և մի փոքր էլ ապագայի մասին:

Այս մասնակցի հիմնական առաքելությունը ոչ թե երգելն է, այլ' դերասան լինելը: Էլենը պատմեց, որ փոքր տարիքից իր մոտ նկատվել է թե′ երգչուհու, և թե′ դերասանուհու ձիրքը:

 

«Դիպլոմային աշխատանքս ներկայացնելու ժամանակ հանձնաժողովի անդամ էր նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյան: Ներկայացումն ավարտելուն պես ինձ կանչեցին ետնաբեմ և ծանոթացրին պարոն Ղազանչյանի հետ : Իմ խաղը հավանել էր, և ցանկություն էր հայտնել' ես իր թատրոնում խաղամ: Շատ էի ուրախացել. քիչ է պատահում, որ մարդ բուհից անմիջապես հետո սկսի աշխատել իր մասնագիտությամբ: Միշտ խուսափել եմ. մտածել եմ' իմը չի լինելու թատրոնը: Չգիտեմ' դա ինչ էր, բայց մի ներքին կանխազգացում կար: Երբ եկա այս թատրոն, այնքան լավ ընդունեցին ինձ այստեղ, կարծես մի մեծ ընտանիք լիներ: Մեծ սերունդն այնքան լավ ընդունեց նորեկին, որ սկսեցի թատրոնը սիրել, շա~տ սիրել:

 

Այս պահին բեմադրվում է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը, որտեղ նաև ես եմ խաղում, շուտով պրեմիերան կլինի»,- ասում է դերասանուհի, երգչուհի Էլեն Աղամալյանը:

 

-Ես միշտ սիրել եմ լսել բարձրաճաշակ երաժշտություն, միշտ այն առանձնացնում եմ իմ կյանքում: Այն ցույց է տալիս մարդու ինտելեկտը, բնավորությունը, էությունը: Առաջին բանը, որ ինձ համար կարևոր է, մարդու երաժշտական ճաշակն է: Ես դրանից կարող եմ մարդու մասին ինչ-որ չափով կարծիք կազմել:

 

-Կերգե՞ս «անորակ» երաժշտութամբ երգեր:

-Ոչ: Արվեստագետի միսիան այս կյանքում մարդկանց հոգիները կրթելն է: Եթե ես սկսեմ երգել անորակ երգ, իմ խղճի վրա չի նստի, որ մի երեխա դաստիարակվի նմանատիպ երաժտության ներքո: Ես պետք է պրոպագանդեմ լավը, բարձրաճաշակը, մակարդակովը:

 

-Ավարտուն սցենար չունեցող սերիալում կխաղա՞ս:

-Դա դիլետանտիզմ է: Ես կարող եմ ասել' ոչ, չեմ խաղա, բայց եթե մենք չխաղանք, ապա ով խաղա' Պոլիտեխնիկը կամ Բրյուսովն ավարտած ուսանո՞ղը… Թողնենք' թող ամեն մեկն իր մասնագիտությամբ զբաղվի: Մենք պետք է մտնենք այդ ասպարեզ և բարելավենք այն: Գուցե ցավն այն է, որ հենց արվեստագետները չեն զբաղվում, և գուցե նրանց միջոցով կարող ենք ժարգոնը, թերի խաղը վերացնել:

 

-Տիկնիկներով խաղալ սիրե՞լ ես

-Ես մանկությունից հետո էլ չհագեցա իմ տիկնիկներով խաղալուց, ու գուցե այդ խաղալու ծարավը ինձ մղեց այս մասնագիտությունը ընտրելուն, որպեսզի շարունակեմ խաղս:

 

-Դու քեզ դո՞ւր եկար «Հայաստանի ձայնը 2»-ում:

-Իհարկե ես չարեցի այն ամենը, ինչ որ կարող էի, բայց ես գիտեմ, որ ունեմ այն պոտենցիալը, որը գուցե չկարողացա լիարժեք ցույց տալ: Կարծում եմ' դեռևս կարող էի մի քանի փուլ անցնել: Բայց ես չեմ զղջում, որ մասնակցեցի: Եթե նույնիսկ տային երկրորդ հնարավորություն, իմանալով հանդերձ, որ նույն փուլից դուրս կգայի, ես նորից կմասնակցեի: Այն ինձ տվեց փորձ, աշխատեցի պրոֆեսիոնալների հետ. մեծ ձեռքբերում էր շատ լավ մարդկանց հետ ծանոթանալը:
Նախագծից հետո որոշում կայացրի ունենալ band և իմ սիրած որակով երաժշտությունը ստեղծել: Թող դա լինի soul, SmoothJazz ժանրերում:

 

-Ի՞նչ կմաղթես «Հայաստանի ձայնը 2»-ի մյուս մասնակիցներին:

-Ով էլ որ հաղթի, միմիայն ուրախ կլինեմ: Իսկապես, հասցրել ենք մտերմանալ, որովհետև սա «Հայաստանի ձայնն է», որի միսիան է գտնել Հայաստանի «իրական ձայնը»:

 

Ն. Ա.