Հայաստանի թատերական գործիչների միության համագումարի ժամանակ բավական բուռն ելույթ ունեցավ միության անդամ, դերասան Տիգրան Ներսիսյանը:Վերջինիս խոսքով՝ ամեն համագումարի ժամանակ միության (ՀԹԳՄ) անդամները գալիս խոսում են, հետո գնում իրենց տուն, ու դրանով ամեն ինչ ավարտվում է, ոչ մի ռեալ քայլ հիմնականում չի արվում: «Չեմ ուզում հոռետես երևալ, բայց պետք է ասեմ՝ հիմնականում ամեն ինչ վատ է ու չգիտեմ՝ ինչքան կարող է այս վատը շարունակվել»,- վրդովված ասաց դերասանը:Ցավալի է, բայց փաստ, որ գրեթե բոլոր ոլորտներում հեղինակություններ քիչ կան, իսկ ավելի կոնկրետ՝ էս երկրին հեղինակություններ պետք չեն, քանի որ չկա հեղինակություն, ուրեմն կարելի է հանգիստ ասֆալտապատման նման անել այն, ինչ կուզեն:Ինչպես միության այլ անդամներ, Տիգրան Ներսիսյանին ևս մտահոգում է այն արգելքը, որը դրվել է ԿԳՆ-ի քաղաքապետարանի կողմից. դպրոցներն իրավունք չունեն թատրոնի տոմս վաճառելու երեխաներին, քանի որ դա առաջացնում է որոշ ծնողների զայրույթը և նպաստում դրամահավաքչությանը: «Ես առաջարկում եմ միության մի քանի անդամներով գնանք ԿԳ նախարարի մոտ և ասենք՝ բարեկամ Աշոտյան, սիրելիս, ինչ ես ուզում, կոռուպցիայի դե՞մ եք պայքարում, միգուցե կոռուպցիայի դեմ պայքարը ձեր մոտից սկսեք: Ես սա ասում եմ առանց հեգնանքի: Եթե պետք է, կարող եմ անգամ sms ուղարկել ԿԳ նախարարին, տեսնեմ կպատասխանի՞»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ ոչ թե պետք է արգելել դպրոցներում թատրոնի տոմսերի վաճառքը, այլ ուղղակի մեխանիզմներ մշակել, որպեսզի այդ վաճառքը չնպաստի դրամահավաքչությանը:Տիգրան Ներսիսյանի խոսքով՝ անհրաժեշտ ու նույնիսկ պարտադիր է, որ աշակերտը թատրոն գա, քանզի այսօրվա դպրոցականը վաղվա մեր հանդիսատեսն է: «Ասում են՝ թող երեխան ասի իր ծնողին, որ իրեն թատրոն տանի, բայց որ մի երեխան նման բան կասի: Այդ ե՞րբ ենք մենք մեր ծնողներին նման բան ասել»,-հիշում է դերասանը:Իր ելույթում դերասանն անդրադարձավ նաև իրենց ցածր աշխատավարձի խնդրին: «Ինչ աշխատավարձ, դա ուղղակի ծիծաղելի է: Մեր իշխանավորների աշխատավարձն են բարձրացնում, որ չգողանան, բայց մոռանում են, որ գողն էլի կգողանա անկախ այն բանից՝ ինչքան աշխատավարձ է ստանում՝ 600.000 դրամ, թե դրանից ավելի»,- վրդովված ասաց ՀԹԳՄ-ի անդամը:Որպես իր ելույթի եզրափակիչ Տիգրան Ներսիսյանը կոչ արեց իր գործընկերներին միասնական լինել, որից հետո նոր միայն միասնականություն պահանջել ուրիշներից: